Աշխարհ

05.02.2022 16:20


Ավստրալացի փորձագետները հայտարարել են, որ նավահանգստում գտել են Ջեյմս Կուկի նավի մնացորդները

Ավստրալացի փորձագետները հայտարարել են, որ նավահանգստում գտել են Ջեյմս Կուկի նավի մնացորդները

Ավստրալացի փորձագետները հայտարարել են, որ ամերիկյան Նյուպորտ քաղաքի նավահանգստում գտել են Endeavour նավի մնացորդները, որով նավարկել է հայտնի կապիտան Ջեյմս Կուկը։ ԱՄՆ նրանց գործընկերները կարծում են, որ ավստրալացի փորձագետները շտապել են այս եզրահանգման հարցում, տեղեկացնում է HighTech-ը։

Ավստրալիայի ազգային ծովային թանգարանի (ANMM) տնօրեն Քևին Սամփթոնն ասել է, որ որոնումներից 22 տարի անց փորձագետները կարողացել են նույնականացնել Կուկի նավի խորտակման վայրը Նյուպորտի նավահանգստում։ «1998 թվականից մենք հետազոտում ենք այն վայրը, որտեղ, ինչպես կարծում էինք, խորտակվել է «Ինդևորը», բայց, մինչ հաջողության մասին հայտարարելը, պետք էր հավաքել փազլի վեջին դրվագները։ Ելնելով արխիվային և հնագիտական ապացույցներից՝ ես համոզված եմ, որ դա «Ինդևորն է»»,-ասել է Սամփթոնը։

Նրա խոսքով՝ հետազոտողները եզրահանգումն արել են արխիվային տվյալների և հնագիտական վկայությունների հիման վրա։ Նա կարծում է, որ սա կարևոր պատմական պահ է, քանի որ նավը մեծ դեր է խաղացել շատ երկրների՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ պատմության մեջ։

Բայց նրանց եզրահանգումներին չեն համաձայնել Ռոդ Այլենդի ստորջրյա հնագետների հասարակական միավորման (RIMAP) ամերիկացի հետազոտողները։ Նրանք ավստրալացի փորձագետների հետ միասին աշխատել են նավի մնացորդների ուսումնասիրման վրա։ «Այն, ինչ մենք տեսնում ենք նավաբեկության վայրում, կարելի է համարել Endeavour-ի մնացորդներ, բայց մեզ առայժմ չի հաջողվել գտնել անվիճելի ապացույցներ, և շատ հարցեր են մնում, որոնց պատասխանները կարող են հերքել դա»,-նշել է «Ռոդ Այլենդի ծովային հնագիտություն» նախագծի (RIMAP) հնագետ Քեթի Աբասը։

Հետազոտողներն առայժմ միասնական եզրահանգման չեն եկել։ Երկու կողմերը սպասում են անկախ փորձագետների գնահատման արդյունքներին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը