Լրահոս

04.02.2022 16:18


Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը

Ծանր հիվանդության պատճառով մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նա 63 տարեկան էր։

Լուրը Tert.am Life–ի հետ զրույցում հաստատեց Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։

Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին նա գտնվում էր հիվանդանոցում, վիճակը ծանր էր։

Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ ունի հայկական ժամանակակից երաժշտության զարգացման մեջ։ Հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնի դեմքեր ժամանակին անցել են նրա հիմնած Երգի պետական թատրոնի դպրոցը։

Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։

1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։

1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։

1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։

1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։

1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։

1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է։

1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։

2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։

Այս խորագրի վերջին նյութերը