Քաղաքական

03.02.2022 10:51


Ճնշումների թիրախում է Վարչական դատարանի դատավորը` Վանաձորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԼՀԿ-ի հայցը մերժելու գործով. Վարչական դատարանի դատավորների հայտարարությունը

Ճնշումների թիրախում է Վարչական դատարանի դատավորը` Վանաձորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԼՀԿ-ի հայցը մերժելու գործով. Վարչական դատարանի դատավորների հայտարարությունը

Վարչական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել՝ ահազանգելով դատավորի նկատմամբ ճնշման մասին

«ՀՀ վարչական դատարանում (նախագահող դատավոր՝ Դանիել Դանիելյան, դատավորներ՝ Ռուզաննա Ազրոյան, Ելենա Առաքելյան, Ռաֆիկ Խանդանյան, Միքայել Մելքումյան) քննվել է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործը, որի շրջանակում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021թ. ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին որոշումները, ինչպես նաև նույն ընտրություններում ընտրված ճանաչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին: ՀՀ վարչական դատարանը 21.12.2021թ. կայացրած և հրապարակված վճռով «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերոնշյալ պահանջով հայցը մերժել է, որպիսի վճիռը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Չնայած դրան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի ընդունումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.01.2022թ. որոշմամբ մերժվել է:

Ըստ դատավոր Դանիել Դանիելյանից ստացած տեղեկությունների, նույն օրը՝ 07.01.2022թ., ՀՀ արդարադատության նախարարի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա նշված գործը քննած՝ կոլեգիալ դատական կազմում որպես նախագահող դատավոր ընդգրկված դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցվել (հրապարակվել) է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի կողմից, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից: Այնուհետև, երբ դատավոր Դանիել Դանիելյանը 26.01.2022թ. ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացրել բացատրություն այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով միայն սահմանվել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է բարձրաձայն ընթերցվի (հրապարակվի) դատական նիստում, իսկ թե կոլեգիալ կազմում ընդգրկված կոնկրետ որ դատավորի կողմից պետք է ընթերցվի, օրենսգրքով չի սահմանվել, նաև այն հաշվառմամբ, որ դրանով անձի որևէ իրավունք չի կարող խախտվել, ՀՀ արդարադատության նախարարը հաջորդ իսկ օրը՝ 27.01.2022թ., կայացրել է որոշում դատավոր Դանիել Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:

Նկատի ունենալով, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը հիմնված չէ իրավական որևէ նորմի կամ նույնիսկ իրավական տրամաբանության վրա, հաշվի առնելով, որ դատական կոլեգիալ կազմի մյուս անդամներից մեկի կողմից դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակելու արդյունքում ոչ միայն չի խախտվել որևէ իրավական նորմ, այլև դա չի առաջացրել ոչ մի իրավական կամ փաստական ազդեցություն դատավարության մասնակիցների կամ հանրության համար (կարևորն այն է, որ դատական ակտի եզրափակիչ մասն ընթերցվել է հրապարակային դատական նիստում, ընդ որում՝ դատավոր Դանիել Դանիելյանի կողմից չընթերցելը պայմանավորված է եղել նրա կորոնավիրուսային հիվանդության պատճառով դատական նիստին տեսակապի միջոցով մասնակցելով), դատավոր Դանիել Դանիելյանին կարգապական պատասխանատվության ենթարկելու հարցով ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը տարակուսանք է առաջացնում դատավորներիս մոտ: Թեև ՀՀ արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը ինքնին իրավական հետևանքներ չի առաջացնում, քանի որ վերջնական որոշումն ընդունվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից, նման հիմքով կարգապահական վարույթ հարուցելը և դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնելը խիստ մտահոգիչ է և մեր կողմից դիտարկվում է որպես ճնշման փորձ: Նման գործելաոճով ՀՀ արդարադատության նախարարը փաստացի կարող է ցանկացած դատավորի նկատմամբ, ցանկացած գործով, ցանկացած դատավարական ակտի վերաբերյալ միջնորդություն հարուցել և դատավորին ստիպել, որպեսզի վերջինս իր ամենօրյա ծանրաբեռնված աշխատանք իրականացնելու փոխարեն ներկայացնի գրավոր բացատրություններ, ներկայանա Բարձրագույն դատական խորհրդի նիստերին և անցնի ավելորդ ապրումների միջով, որոնք միայն կխոչընդոտեն իր բուն առաքելությանը:

Վերոգրյալի արդյունքում արտահայտում ենք մեր խիստ մտահոգությունը և ակնկալում ենք, որ հետայսու ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորին կարգապական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը տեղի կունենա բացառապես «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված ծայրահեղ դեպքերում և միայն ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում:

ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝

Գրիգոր Առաքելյան

Կարեն Զարիկյան

Աղասի Դարբինյան

Ռուզաննա Ազրոյան

Գևորգ Սոսյան

Արթուր Ավագյան

Ալեքսանդրա Հարությունյան

Ելենա Առաքելյան

Ռաֆիկ Խանդանյան

Արգիշտի Ղազարյան

Մհեր Պետրոսյան

Վարազդատ Միքաելյան

Մերի Համբարձումյան

Սամվել Հովակիմյան

Արմեն Ներսիսյան

Հրաչ Այվազյան

Միքայել Մելքումյան

Ռոբերտ Մաքեյան

Անի Հարությունյան

Արկադի Մկրտչյան»։

Այս խորագրի վերջին նյութերը