Լրահոս

02.02.2022 21:20


«Օմիկրոն»-ի հիմնական ախտանշաններն են ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, չոր, երբեմն սպաստիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը. ԱՆ

«Օմիկրոն»-ի հիմնական ախտանշաններն են ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, չոր, երբեմն սպաստիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը. ԱՆ

Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Գրանցվում է հոսպիտալացումների աճ։ Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

«Հիմնվելով վերջին շաբաթների ընթացքում արտերկրյա հրապարակումների վրա, ինչպես նաև ամփոփելով մեզանում արդեն իսկ կուտակված փորձը ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պատասխանում է «ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոն» տարբերակը երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները» հարցերին։

Ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Հիմնական ախտանշաններն են տարբեր աստիճանի թուլությունը և ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, գլխավորապես չոր կամ քիչ խորխոտ, երբեմն սպաստիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը։ Երբեմն հանդիպում են ոչ ծանր փորլուծություն, փսխում։

Կորոնավիորւսոի այլ տարբերակների համեմատ «Օմիկրոն»-դրական երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմանափակվում է քիթըմպանի գանգատներով։ Վաղ տարիքի երեխաների մոտ երեբեմն զարգանում է կոկորդի և շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ», ուղեկցվող շնչառական անբավարարության նշաններով, կան նաև ականջի բորոբքման դեպքեր։ Եզակի հիվանդների մոտ կորոնավիրուսը բարդացել է նյարդային համակարգի ախտահարումով, դիտվել են ցնցումներ կամ նույնիսկ ուղեղի թաղանթի բորբոքում։

Ինչպես և բոլոր այլ շնչառական հիվանդությունների դեպքում, կորոնովիրուսային վարակը, ներառյալ «օմիկրոնը» առավել ծանր է ընթանում երեխայի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում։ Միևնույն ժամանակ, կարող է նկատվել այնպիսի ընթացք, որ բոլոր վերահիշյալ նշանները շատ թույլ են արտահայտված և գրեթե աննկատելի են ծնողների համար։

Վերջին շրջանում, ինչպես և այլ երկրներում, ծնողները և մանկաբույժները նկատում են կորոնավիրուսային վարակի մաշկային արտահայտությունների դեպքեր։ Մասնավորապես` դիտվել են մաշկի կարմրություն, մանր բշտիկավոր և/կամ բծավոր ցաներ, երբեմն կապտավուն երանգով։ Նկատվել են նաև ալերգիկ բնույթի ցաներ, մասնավորապես եղնջացան, որը որոշ դեպքերում ունի դեղորայքային ծագում։ Ցաները երբեմն ուղեկցվում են տարբեր աստիճանի արտահայտության քորով։

Երեխայի մոտ կորոնովիրուսային վարակի կասկածի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին։ Տնային բուժման դեպքում հիմնական կանոնները շատ պարզ են․ հետևել երեխայի ընդհանուր վիճակին, տրամադրությանը, շնչառությանը, հնարավոինս կառավարել ջերմությունը, տալ բավարար և հավելյալ քանակությամբ հեղուկներ և համարժեք կերակրել երեխային։ Սակայն կան նշաններ, որոնց առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Դրանցից են մասնավորապես՝ հաճախացած և դժվարացած շնչառությունը (որը չի պայմանավորվում քթի շնչառության խանգարումով), տնքացող շնչառություն, ցնցումներ, խիստ թուլություն, երբ որ երեխան չի կարողանում խմել և ուտել, անսովոր քնկոտություն, արտահայտված շարունակական գլխացավ, անզուսպ կրկնակի փսխումներ։ Կյանքի առաջին ամիսների երեխաների մոտ պետք է հետևել մարմնի ջերմության նույնիսկ թեթևակի բարձրացմանը կամ իջեցմանը (37,5 բարձր կամ 36․5 ից ցածր), հաջորդաբար կերակումներից հրաժարվելուն, անշարժությանը, միապաղաղ լացին, որը չի անցնում կերակրելուց և/կամ խնամելուց հետո։

Եվ, իհարկե, կարևոր է ինքնուրույն չօգտագործել դեղեր, հատկապես հակաբիոտիկներ՝ փորձը ցույց է տալիս, որ կովիդի դեպքերի բացարձակ մեծամասնությունում հիվանդ երեխան դրա կարիքը չունի»,-հայտնում է նախարարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը