Մեկնաբանություն

01.02.2022 12:49


Նիկոլի «սահմանադրական» գայթակղությունը․ 1995-ից մինչև ․․․

Նիկոլի «սահմանադրական» գայթակղությունը․ 1995-ից մինչև ․․․

Նիկոլ Փաշինյանի սիրտը սահմանադրական փոփոխություն է ուզում, քանզի ուշքն ու միտքն իշխանություն պահելն է։ Նա վախենում է այն կորցնելուց ու մտածում է, որ սահմանադրական փոփոխությամբ կարող է վերարտադրվել։ Ինչպիսի՜ գայթակղություն․․․

Նիկոլը ձևավորել է սահմանադրական փոփոխությունների այնպիսի հանձնաժողով, որն ամբողջությամբ հաճախորդական է։ Այնտեղ են Նիկոլի նկարը պատից կախած, Նիկոլի նկարով ապրող Կարեն Անդրեասյանը, նորանշանակ կամակատար ՄԻՊ–ը, գրպանային «սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանը, դեմագոգիայի վարպետ Վլադիմիր Վարդանյանը, սաքունցները, ինչպես նաև հաստիքային հաճախորդները՝ Վազգենի եղբայր աշխատող Արամ Սարգսյանի «մարդը», «լուսահոգի» Էդմոն Մանրուքյանը, ներեցեք՝ Մարուքյանը։ Ահա այս կոնտինգենտով է Նիկոլը սահմանադրությունն ուզում փոխել։ Ուզում է փոխել, որ մնա։ Այդ առումով նա օրիգինալ չէ։

1995թ․, 2005թ․, 2015թ․, 202․․․

ՀՀ բոլոր ղեկավարների կառավարման շրջանում սահմանադրական ընդունման կամ փոփոխման հարց է մտել օրակարգ։ Բացառությամբ 2005թ․ սահմանադրական փոփոխությունների՝ մյուս բոլոր դեպքերում սահմանադրական թեման պայմանավորված է եղել բացառապես ներիշխանական հարաբերություններով ու ներքաղաքական կոնյունկտուրայով։

1995–ի սահմանադրական հանրաքվեն անցավ խայտառակ կեղծիքներով։ Այդ Սահմանադրությամբ ՀՀ նախագահին փարավոնային լիազորություններ էին տրվում։ Իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացվում էին նախագահի ձեռքում, ՏԻՄ–երի համակարգը դառնում էր ձևական ու կառավարությունից կախված։ Լևոն Տեր–Պետրոսյանն այդ Սահմանադրությամբ ամրագրում էր սեփական իշխանությունը։ 1995–ի Սահմանադրությամբ դրվեցին ՀՀ–ում կլանաօլիգարխիկ համակարգի և քաղաքական ցնցումների հիմքերը։

2005–ին Սահմանադրությունը փոխվեց, քանզի ԵԽԽՎ անդամ դարձած ՀՀ–ն այդպիսի պարտավորություններ ուներ։ Թեև կասկածներ կան, որ սահմանադրական փոփոխություններն անցել են օրենքի խախտումներով, այդուհանդերձ միջազգային բոլոր կառույցների գնահատմամբ՝ 2005–ի փոփոխությունները քայլ էին դեպի ժողովրդավարություն և առաջընթաց էին ապահովում իշխանության ճյուղերի հակակշռման, զսպման առումով, դրական փոփոխություն էր նախատեսվում դատաիրավական ոլորտում։

Սահմանադրական մյուս փոփոխությունները տեղի ունեցան 2015–ին, և կրկին կար կասկած, որ դրանք օրենքի խախտումներով էին։

Ի տարբերություն 2005–ի՝ 2015–ին սահմանադրական փոփոխությունը վերաբերում էր նաև կառավարման համակարգին։ Առաջարկվում էր կիսանախագահականից անցնել դեպի խորհրդարանական–վարչապետական համակարգին։ Ընդդիմադիր աշխատող Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, որպես հաճախորդ անուղղակիորեն պաշտպանում էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած հանրաքվեն, իսկ այսօրվա նրա թիմակիցներից ոմանք հանդես էին գալիս այդ փոփոխությունների դեմ։ Ինչևէ։

2015–ի գլխավոր թեման այն էր, որ սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվողների կողմից տրվում էին հիմնավոր գնահատականներ, որ այդ ամենն արվում է իշխանության վերարտադրության համար։ Թեև խոստացվել էր, որ այդպես չի լինի, դեպքերը ցույց տվեցին, որ վերարտադրության խնդիր այդուհանդերձ կար, և հենց դա էլ 2018–ի իշխանափոխության կատալիզատորի դեր կատարեց։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես հայտարարեց, որ իր նախորդի վրայով կարված սահմանադրական կոստյումն իրեն դուր է գալիս։ Սակայն հիմա նա գնում է սահմանադրական փոփոխությունների։ Նշանակում է, որ կոստյումը կա՛մ փոքրացել է, կա՛մ մեծացել։

Ուշագրավն այն է, որ պատերազմում կրած պարտությունից ու տարածքներ կորցնելուց հետո Վրաստանի նախագահ Սահակաշվիլին էլ գնաց սահմանադրական փոփոխությունների ու վերարտադրվելու ճանապարհով, բայց վերջնարդյունքում տապալվեց ու փախավ Վրաստանից։ Հիմա Սահակաշվիլին վրացական բանտում է։ Նիկոլն էլ է Սահակաշվիլու պես գայթակղվել սահմանադրական փոփոխությամբ․․․

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը