Աշխարհ

29.01.2022 21:45


Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները

Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները

Կորոնավիրուսային հիվանդության նոր «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածումը կապված է դրա առանձնահատկությունների՝ ավելի արագ վերարտադրության և պատվաստանյութի պաշտպանության հաղթահարման հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է վիրուսաբան, Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոնանոտեխնոլոգիայի, մանրէաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը։

«Առաջին հերթին «Օմիկրոն» մանրէահիմքը բավականին տարբերվում է վարակված մարդու օրգանիզմում արագ վերարտադրության շնորհիվ։ Երկրորդ՝ այն բավականին փոփոխված է մակերեսային սպիտակուցի հակածինների առումով, և այդ պատճառով այն մեծամասամբ հաղթահարում է գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ իմունիտետը, հատկապես եթե մարդիկ պատվաստվել են ավելի քան կես տարի առաջ»,–ասել է գործակալության զրուցակիցը:

Երրորդ պատճառը, ըստ նրա, ընդհանուր առմամբ բնակչության իմունիզացիայի ցածր տեմպերն են։
«Մարդիկ անընդհատ մտածում են, որ իրենց ինչ-որ կախարդական բան է դուրս բերելու իրավիճակից, իսկ իրականում պատվաստանյութից բացի ոչինչ չի օգնում։ Ամեն դեպքում, պատվաստվածների մոտ հիվանդությունն ավելի հեշտ ընթացք է ունենում, իսկ չպատվաստվածների պարագայում՝ ոչ այդքան. նրանց ավելի քան 90 տոկոսը ծանր հիվանդների շրջանում է»,-ասել է գիտնականը:

Ավելի վաղ սիբիրցի գիտնականները Նովոսիբիրսկի ագլոմերացիայի նոր թեստ-համակարգի փորձարկումների արդյունքներով պարզել էին, որ «Օմիկրոն» մանրէահիմքը հունվարի առաջին երկու շաբաթում դարձել է գերիշխող՝ գրեթե դուրս մղելով կորոնավիրուսի նախորդ մանրէահիմքերը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը