Տնտեսական

27.01.2022 09:59


Հայաստանից արտագաղթը մեծանում է, բնակչությունը՝ ծերանում

Հայաստանից արտագաղթը մեծանում է, բնակչությունը՝ ծերանում

Վերջերս հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի ավելի քան 46 900 քաղաքացի։ Սա ռեկորդային ցուցանիշ է վերջին տարիների համար (տե՛ս գծապատկերը): Ընդհանուր առմամբ, 2017-2021 թվականներին մեր քաղաքացիներից գրեթե 153 800-ը ռուսական անձնագիր է ստացել։ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի նկատմամբ սա կազմում է մոտ 5,2%։

3 (3)

Մեր բնակիչների արտագաղթի հիմնական պատճառները հայտնի են՝ զանգվածային գործազրկություն կամ ցածր եկամուտներ, որոնք նույնիսկ նվազագույն կենսամակարդակ չեն ապահովում։ Իր դերն է խաղացել զգալի ինֆլյացիան (անցած տարի 7,2%) եւ հատկապես երկնիշ ագրոինֆլյացիան (11,2%)։

Սրան գումարվել են Արցախում 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, դրան հաջորդած լարված իրավիճակը, մանավանդ՝ սահմանամերձ շրջաններում։ Շատերը լքում են հայրենիքը երկրի ապագայի հանդեպ անորոշության պատճառով՝ մտավախություն ունենալով իրենց ընտանիքների, հատկապես երեխաների անվտանգության համար։

Իհարկե, Հայաստանի բնակիչների արտագաղթի աշխարհագրությունը բոլորովին էլ Ռուսաստանի տարածքով չի սահմանափակվում։ Պարզապես հիմա այնտեղ կեցության օրինական իրավունք եւ աշխատելու լեգիտիմ իրավունք ստանալու հնարավորությունը շատ ավելի հեշտ է, քան, ասենք, Արեւմուտքի երկրներում։

Բացի այդ, մեր քաղաքացիներից շատերի համար առանձնապես դժվար չէ հետխորհրդային այս երկրում կյանքին հարմարվելը։ Հայաստանի բնակիչները քիչ թե շատ խոսում են ռուսերեն։ Ուստի Ռուսաստանում նրանց համար ավելի հեշտ է հաղթահարել լեզվական արգելքը, քան այլ երկրներում։ Այս բոլոր գործոնները նպաստել են Հայաստանի բնակիչների կողմից ռուսական քաղաքացիության զանգվածային ձեռքբերմանը։

Հայտնի է, որ Ռուսաստանը խրախուսում է աշխատանքային միգրանտների հոսքը եւ ներգաղթը, ինչը պայմանավորված է ժողովրդագրական անբարենպաստ տեղաշարժերով։ Վերջիններս արտահայտվում են, այսպես կոչված, «բնակչության ծերացմամբ»։

Բնակչությունը համարվում է «ծեր», եթե 65 եւ ավելի տարեկան մարդկանց մասնաբաժինը գերազանցում է 7%-ը։ Ռուսաստանում վերջին երեք տասնամյակների ընթացքում բնակչությունը փոքր-ինչ նվազել է, սակայն կտրուկ աճել է (մոտ կեսով) վերը նշված տարիքի քաղաքացիների մասնաբաժինը: Անցյալ տարվա սկզբի դրությամբ Ռուսաստանի բնակչության մեկ քառորդը (25,2%) աշխատունակ տարիքից մեծ է եղել։

Մի կողմից, բնակչության ծերացումը կյանքի տեւողության ցուցանիշում դրական տեղաշարժերի մասին է վկայում։ Մյուս կողմից, դա հանգեցնում է լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների։ Մասնավորապես, սահմանափակվում են կենսաթոշակների չափի բարձրացման հնարավորությունները, ինչը հանգեցնում է հարկերի աճի անհրաժեշտության։

«Բնակչության ծերացման» գործընթացը չի շրջանցել նաեւ Հայաստանը։ ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի հաշվարկների համաձայն՝ անցյալ տարի Հայաստանում 64 տարեկանից բարձր մարդիկ բնակչության ընդհանուր թվաքանակում գերազանցել են 10%-ը (վերը նշված 7% շեմի դեպքում)։

Իհարկե, հնարավորության դեպքում աշխատունակ տարիքի արտագաղթողները ծնողների հետ են հեռանում։ Բայց կան դեպքեր, երբ արտագաղթում են ընտանիքներ, որոնց թվում են միայն աշխատանքային տարիքի ծնողներն ու նրանց երեխաները։ Արեւմտյան երկրներ օրինական հիմքերով հաճախ արտագաղթում են երիտասարդ մասնագետները։ Դա նույնպես նպաստում է բնակչության «ծերացման» գործընթացին։ Հետագայում այս գործոնները բացասաբար կանդրադառնան Հայաստանի ժողովրդագրության, նրա սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

Սմբատ Գրիգորյան

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը