Աշխարհ

26.01.2022 18:40


Աշխարհում COVID-19-ով հիվանդացածների թվի նոր ռեկորդ է սահմանվել

Աշխարհում COVID-19-ով հիվանդացածների թվի նոր ռեկորդ է սահմանվել

Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 21 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչը նոր առավելագույն ցուցանիշն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով, իսկ մահացու դեպքերինը՝ 1 տոկոսով, լույս հունվարի 26-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված է ԱՀԿ-ի շաբաթական տեղեկագրում, հունվարի 17-ից մինչև 23-ն արձանագրվել է «COVID-19-ի նոր դեպքերի թվի հինգտոկոսանոց աճ նախորդ շաբաթվա համեմատությամբ». ստացվել են հաղորդումներ 21 362 288 մարդու վարկաման մասին: Յոթ օրում արձանագրվել է 49 890 մահացու դեպք, ինչը 1 տոկոսով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Նախորդ շաբաթվա (հունվարի 10 – 16) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում է արձանագրվել Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 39 տոկոսով, Հարավ-արևելյան Ասիայում (36 տոկոսով) և Եվրոպայում՝ 13 տոկոսով, մինչդեռ Աֆրիկայում և Ամերիկայում հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 31 տոկոսով և 10 տոկոսով:

Եվրոպայում շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը, և նրան է բաժին ընկնում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 47 տոկոսը: Մահացությունն առանձնապես խիստ աճել է Հարավ-արևելյան Ասիայում՝ 44 տոկոսով և Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 15 տոկոսով: Միևնույն ժամանակ Աֆրիկայում, Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում այն նվազել է համապատասխանաբար 14 տոկոսով, 12 տոկոսով և 5 տոկոսով:

Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել է ԱՄՆ-ն (4 215 852): Այնուհետև հաջորդում են Ֆրանսիան (2 443 821),Հնդկաստանը (2 115 100), Իտալիան (1 231 741) և Բրազիլիան (824 279): ԱՀԿ-ի տվյալներով՝ հունվարի 25-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից ի վեր արձանագրվել են 352 796 704 ախտահարված և 5 600 434 մահացած: Անցած օրն ստացվել են հաղորդումներ վարակման 2 158 785 դեպքերի և 6189 վախճանի մասինը:

Այս խորագրի վերջին նյութերը