Աշխարհ

26.01.2022 19:20


Twitter-ը հայտնել է բովանդակությունը հեռացնելու կառավարության պահանջների ռեկորդային թվի մասին

Twitter-ը հայտնել է բովանդակությունը հեռացնելու կառավարության պահանջների ռեկորդային թվի մասին

Twitter-ը հայտնել է, որ ողջ աշխարհի կառավարությունները անցյալ տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ռեկորդային թվով օգտատերերի հաշիվներից բովանդակությունը հեռացնելու հայտեր են ներկայացրել:

Հարթակը հայտնել է, որ կառավարությունները վեց ամսվա ընթացքում 196 878 հաշիվներից բովանդակությունը հեռացնելու 43 387 իրավաբանական հայտ են ներկայացրել, համաձայն թափանցիկության մասին իր վերջին զեկույցի, որին ծանոթացել է Reuters-ը:

Twitter-ը հայտնել է, որ սա հաշվետու ժամանակաշրջանում կառավարության կողմից երբևէ հեռացման հայտերի ենթակա հաշիվների ամենամեծ թիվն է այն պահից, երբ ընկերությունը սկսել է հրապարակել թափանցիկության հաշվետվությունները 2012 թվականին:

Այս իրավաբանական պահանջների 95%-ը ստացվել է հինգ երկրներից, ընդ որում՝ ամենաշատը Ճապոնիայից, որին հաջորդում են Ռուսաստանը, Թուրքիան, Հնդկաստանը և Հարավային Կորեան: Կայքն արգելափակված է մի քանի երկրներում, այդ թվում՝ Չինաստանում և Հյուսիսային Կորեայում։

Twitter-ն ասել է, որ կա՛մ «մերժել է» մուտքը բովանդակություն որոշ երկրներում, կա՛մ հաշիվների սեփականատերերից պահանջել է հեռացնել հաղորդված բովանդակության մի մասը կամ ամբողջը՝ ի պատասխան այդ ժամանակահատվածում իրավաբանական հայտերի 54%-ի:

«Մենք բախվում ենք աննախադեպ խնդիրների, քանի որ կառավարություններն ամբողջ աշխարհում ավելի հաճախ են փորձում միջամտել և հեռացնել բովանդակությունը»,-ասում է Twitter-ի գլոբալ հանրային քաղաքականության և բարերարության գծով փոխնախագահ Շինեյդ Մաքսվինին: «Անձնական կյանի անձեռնմխելիության ու խոսքի ազատության հանդեպ այս սպառնալիքը խորապես տագնապալի միտում է, որը մեր ամբողջ ուշադրությունն է պահանջում»:

Սոցիալական ցանցերում աշխատող խոշոր ընկերությունները ամբողջ աշխարհում մշտական վերահսկողության են ենթարկվում կառավարությունների և կարգավորող մարմինների կողմից՝ կապված այն բովանդակության հետ, որը նրանք թույլ են տալիս տեղադրել իրենց հարթակներում: Անցյալ տարի Twitter-ը բովանդակության մոդերացիայի և կարգավորման հետ կապված աղմկահարույց հակասություններ է ունեցել կառավարությունների հետ՝ Հնդկաստանից մինչև Նիգերիա:

Ընկերությունն անցած ամառ հայտարարել է, որ 2020 թվականին ամբողջ աշխարհում լրագրողների և լրատվամիջոցների կողմից հրապարակված բովանդակությունը հեռացնելու կառավարությունների պահանջների համաշխարհային աճ է դիտարկվել, սակայն վերջին հաշվետու ժամանակաշրջանում այս հարցումների ենթակա հաշիվների թիվը նվազել է 14%-ով:

Զեկույցում նշվում է նաև, որ կառավարությունների կողմից Twitter-ի հաշվի մասին տեղեկատվությունը պահպանելու հայտերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել են մոտ 4%-ով: Դրանում նշվում է, որ ԱՄՆ-ին բաժին է ընկել այդ հայտերի մոտ 57%-ը, և ԱՄՆ-ը նաև կառավարական տեղեկատվության հայտերի ամենամեծ աղբյուրն է եղել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը