Մեկնաբանություն

25.01.2022 17:30


Ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը Թուրքիային «այո» ասելով

Ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը Թուրքիային «այո» ասելով

Արդեն թվով 2–րդ ասուլիսն է, որ Նիկոլ Փաշինյանը տալիս է Ադրբեջանի ու հատկապես Թուրքիայի համար։ Նա 2–րդ անգամ է հրապարակավ հավանություն տալիս թուրք–ադրբեջանական նախապայմաններին ու գործում թշնամու (տվյալ դեպքում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար թշնամի Հայաստանի) թիկունք ներթափանցած դիվերսանտի պես։

Լրջագույն խնդիրն այս դեպքում այն է, որ այդ դիվերսանտն ունի ՀՀ վարչապետի կարգավիճակ։

Լիպարիտյանից մինչև Նիկոլ

Երբ տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանն իր թուրքամետ տեսակատները վերաթարմացնելուց հետո հյուրընկալվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, արդեն իսկ դա մեսիջ էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի համար հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերություններում ընդունելի են Լիպարիտյանի նախկին շեֆ Լևոն Տեր–Պետրոսյանի մոտեցումները, դեռ մի բան էլ ավելին (ավելինը վերաբերում է Կարսի պայմանագրի թեմային)։

Ինչպես հայտնի է, Լիպարիտյանը համարում է, որ Ղարաբաղի հարցի լավագույն լուծումը կլիներ այն, որ նախկին ԼՂԻՄ–ը մշակութային ինքնավարության կարգավիճակ ունենար Ադրբեջանի կազմում։

Ցեղասպանության հարցով Լիպարիտյանի տեսակետը ևս համընկնում է Տեր–Պետրոսյանի տեսակետին, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում ու դրանով պետք է զբաղվի սփյուռքը։

Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ասուլիսներն այն մասին են, որ իր համար Լիպարիտյանի ասածները որպես ճանապարհային քարտեզ են հանդիսանում և իր կողմից ընդունելի են թուրք–ադրբեջանական նախապայմանները։

Ո՞րն է Նիկոլի մոտիվացիան

Երեկվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն պահում էր փորձառու դիվերսանտի պես։ Միամիտներին փորձում էր համոզել, թե ինչպիսի երկնային մանանա է թափվելու մեր հազարավոր տղաներին գետնի տակ դնելուց ու սահմանները բացելուց հետո։

Նիկոլն իրեն պահում է նաև «քցողի» պես՝ փորձելով իր բլեֆներին հավատացող «չորքոտանիներին» ֆռռացնել, թե բա հեսա հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական սահմանները որ բացվեն, ՀՀ–ն դառնալու է տիեզերքի կենտրոն, Խաղաղ օվկիանոսը կապվելու է Հնդկական օվկիանոսի հետ, սարերը կապվելու են ձորերի հետ, ծառերի վրա պեչենի է աճելու, գետերը ոսկի են բերելու և ընդհանրապես թուրքերի հետ կյանքը դառնալու է մեղր։

Այդպես «տուլիտ» են անում ապրանքը դասական «քցողները», որոնք իրենց խլամ ապրանքը փորձում են լավի տեղ վաճառել կամ փորձում են ավանսով մի բան ստանալ ու թռնել։

Նիկոլի համար «ավանսով բանը» իշխանությունն է՝ աթոռը։ Նա գիտի, որ ներքին լսարանում անընդհատ կորցնում է։ Մնում է աթոռը պահել դրսի միջոցով։

ՌԴ–ն ու Արևմուտքը նրան պատրաստ են օգտագործել, բայց պահել՝ ոչ։ Այլ հարց է Թուրքիան ու Ադրբեջանը։

Նիկոլն Էրդողանի ու Ալիևի համար գտածո է։ Նիկոլից ավելի Նիկոլ մեր թշնամի երկրները դժվար գտնեն Հայաստանում։ Նիկոլն էլ գիտի դա ու գործարք է առաջարկում՝ «Ես ձեր բոլոր նախապայմանները կապահովեմ, միայն թե օգնեք ինձ մնամ իշխանության» տարբերակով։

Դատելով ամենից՝ նիկոլաթուրքական գործարքը կայացել է, և հիմա եկել է դրա իրականացման փուլը։ Հիմա Նիկոլը հրապարակավ հայտարարում է այն, ինչն, ըստ ամենայնի, խոստացել է կուլիսներում։ Ճիշտ նույն կերպ, ինչպես որ Ալիևին էր խոստացել հանձնել Արցախի տարածքները՝ ժամանակի դիմաց։ Ժամանակը Նիկոլը խնդրել էր Ալիևից՝ ներքին կյանքում դիրքերն ամրապնդելու համար։ Ու որպեսզի այդ գործարքի արդյունքում չասեին` «Նիկոլ դավաճան», տեղի ունեցավ պատերազմ։

Նիկոլը մի պահ ուզում էր «քցել» Ալիևին, բայց չստացվեց, ու գլխներիս պատերազմ եկավ։ Նա իր բանավոր համաձայնեցրածը տվեց արյունով։

Հիմա նույն բանն է կատարվում, բայց որպեսզի Նիկոլն այլևս խաղեր չտա, շատ կոշտ պայմաններ են դրվել՝ հրապարակավ պաշտպանել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելն ու Հայող ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետականորեն չհետապնդելը, ինչն էլ Նիկոլը դիվերսանտի կարգապահությամբ անում է։

Նիկոլի շահն աթոռային է, որը 100 տոկոսով համընկնում է թուրք–ադրբեջանական շահի հետ, և որը 100 տոկոսով հակադրվում է Հայաստանի ու Արցախի շահերին։ Նրան հեռացնելը, հետևաբար, ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը