Քաղաքական

25.01.2022 13:49


Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը, նրա հայտարարությունները կա՛մ խեղաթյուրված են, կա՛մ չեն համապատասխանում իրականությանը. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը, նրա հայտարարությունները կա՛մ խեղաթյուրված են, կա՛մ չեն համապատասխանում իրականությանը. Տիգրան Աբրահամյան

2021 թ. ընթացքում, բացի սահմանագծում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքներից և գերեվարման դեպքերից, ԶՈւ-ում ունեինք նաև ոչ կանոնադրական հարաբերությունների ընթացքում մահացած զինծառայողներ, այսինքն` ոչ մարտական կորուստներ։ Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ԱԺ քառօրյայի ընթացքում պարզ դարձավ, որ պաշտպանության նախարարը չի տիրապետում, թե 2021 թ․ ԶՈւ-ում որքան մարտական կորուստներ են եղել։ Երկրորդ խնդիրը, որ ուզում եմ նշել այն է, որ փաստացի հաստատում ստացավ այն, որ մենք օրինակ 2021 թ․ նոյեմբեր ամսին ունեինք կորած պայմանագրային զինծառայող, որի մասին պետական գերատեսչությունը ոչինչ չի հաղորդել և ամեն ինչ անում է, որ նման դեպքերը որևէ կերպով չհանրայնացվեն։ Այն տեղեկությունները, որոնք իշխանության քիմքին հաճելի չեն, դրանց հրապարակումը կարող է բերել քրեական տարբեր գործերի հարուցման։ Զինված ուժերում կան խնդիրներ, որոնք բնականաբար բաց քննարկում չպետք է ունենան, կան թեմաներ, որոնք չպետք է հանրայնացնել, բայց իշխանությունները օգտվելով դրանից, փորձում են փակել ամբողջ համակարգը և որևէ տեղեկատվություն չփոխանցել»։

Աբրահամյանը ընդգծեց, որ վերը նշվածը խնդիր է ոչ միայն հասարակության, այլ նաև զինծառայողների ընտանիքների և հարազատների համար։

«Ինքս առնչվում եմ բազմաթիվ դեպքերի, որտեղ կան նաև զինծառայողների իրավունքների խախտումներ, որոնք որևէ կերպ չեն հանրայնացվում, ավելին՝ մարդիկ, ովքեր ունենք երկարամյա ծառայություն, կանգնում են բազմաթիվ խնդիրների առաջ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ԶՈւ ծառայության մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտարարությանը, Աբրահամյանը նշեց.

«ԶՈւ արդիականացումը այլընտրանք չունի, այլ է խնդիրը, որ իրականում գործընթաց տեղի չի ունենում։ Հետպատերազմյան իրավիճակի մեր կարևոր երկու խնդիրներից մեկը ԶՈւ վերականգնումն է, երկրորդը այն է, որ մեր շուրջ նոր իրավիճակ է ստեղծվել և պաշտպանական, անվտանգային առումով ու այս իրավիճակում անխուսափելիորեն պետք է գնալ ԶՈւ արդիականացման։ Բայց մենք ունենք իրավիճակ, երբ նոյեմբերի 9-ից հետո իրար հետևից փոփոխված ՊՆ նախարարները հայտարարեցին, որ մշակվում է ԶՈւ բարեփոխումների հայեցակարգ, բայց մեկ տարուց ավել է որևէ հայեցակարգ չկա։ Ավելին 2022թ-ի ռազմական բյուջեում ԶՈւ բարեփոխումների հարցը դրված չէ։ Իրականության մեջ որևէ լուրջ բարեփոխում չի իրականացնում»։

Խոսելով Արցախի կարգավիճակի և նախորդ տարիների բանակցությունների մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների մասին, Աբրահամյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ հավասարառություններով հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը։

«Այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը վերջին իր բոլոր հայտարարություններում կամ աղճատված են, կամ չեն համապատասխանում իրականությանը։ Այն գորոծոնները, որոնք ներկայացնում է իբրև թե բանակցությունների դետալներ կամ տարբեր փուլի առանձնահատկություններ, խեղաթյուրված են»։

Ինչ վերաբերում է հայկական և ադրբեջանական զորքերի հայելային հետքաշման մասին հայտարարություններին, Տիգրան Աբրահամյանը ընդգծեց.

«ԱԳ նախարարը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց, որ դա պետք է տեղի ունենա խորհրդային քարտեզների հիման վրա, մինչև այժմ չի ներկայացվում, թե այդ քարտեզները որ ժամանակաշրջանին են վերաբերվում։ Հայելային հետքաշումը արդեն խնդրահարույց է, պետք է լիներ հստակ նախապայման ադրբեջանական զորքերի դուրս գալու վերաբերյալ։ Եթե այդ 3կմ-ոց հայելային հետքաշումը վերաբերում է նաև Հայաստանին, ապա դրա արդյունքում կորցնելու եք մեծ թվով բնակավայրեր, որոնք այդ փուլում գտնվելու են չեզոք գոտում, բայց չի բացառվում, որ մեկ այլ փուլում գտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, խոսքը ոչ միայն Շուռնուխ, Որոտան գյուղերի մասին է, այլև Տեղ, Արավուս և մի շարք այլ բնակավայրերի, նույնը կարող ենք ունենալ նաև Գեղարքունիքի հատվածում։ Մեզ համար շահավետ գործընթաց ես չեմ տեսնում»։

Հարցին` «Պատիվ ունեմ» խմբակցությունը ում է առաջադրելու նախագահի թեկնածու և որ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել այդ հարցում, Աբրահամյանը պատասխանեց.

««Պատիվ ունենք» այս հարցում համագործակցելու է իրական ընդդիմադիր ուժերի հետ։ Այս պահին չկան հաստատված թեկնածուներ, չունենք հաստատ ԱԺ դիրքորոշում առաջադրելո՞ւ ենք թեկնածու, թե ոչ, սրա հետ կապված առաջիկայում հանդես կգանք պարզաբանումներով»։ Աբրահամյանը բացառեց այս հարցում որևէ համագործակցություն իշխանությունների հետ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը