Մեկնաբանություն

25.01.2022 13:14


Էրդողանի ու Ալիևի փաստաբանը

Էրդողանի ու Ալիևի փաստաբանը

Երեկ Նիկոլ Փաշինյանը տվեց հերթական ասուլիսը։ Դա թվով երկրորդն էր, որի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը պաշտպանում էր մեր թշնամի երկրների շահերը, իրավունքներն ու ցանկությունները։

Տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի ու Ադրբեջանի փաստաբանությունը։

Ըստ Նիկոլի՝

Ա Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում,

Բ Ցեղասպանության հարցի լոկոմոտիվը պետք է լինի Սփյուռքը, ոչ թե ՀՀ–ն,

Գ Հայաստանը պետք է «այո» ասի Կարսի պայմանագրին ու մի նոր «Կարսի» պայմանագիր կնքի։

Սրանք թուրք–ադրբեջանական նախապայմաններն են, որոնք Նիկոլն արդեն երկրորդ անգամ հրապարակավ բավարարում է ու հավատարմության երդում տալիս թուրք–ադրբեջանական տանդեմին։

Բայց դե Փաշինյանը Նիկոլ չէր լինի, եթե «կռուտիտներ» չաներ։ Ասում է Ղարաբաղը դեռ 90–ականների սկզբից է համարվել Ադրբեջանինը, պարզապես նախկիններն իր գրպանը գցեցին հանձնելը։ Ինքը դա գիտեր, բայց չասեց ու արդյունքում արյունով հանձնեց «վաղուց հանձնածը»։

Նկատենք, որ նման «կռուտիտը» ոչ միայն լկտի սուտ է, այլ նաև անբարոյականության գագաթնակետ, քանզի եթե նույնիսկ հիմք ընդունենք իր ասած ստերը, ապա ստացվում է, որ ինքը հազարավորներին հողին է հանձնել՝ շատ լավ իմանալով, որ նրանք զոհվում են հանուն ոչնչի։

Ցեղասպանության մասով Նիկոլը բառացի կրկնում է Լևոն Տեր–Պետրոսյանի տեսակետը, ըստ որի ճանաչման հարցը պետք է դուրս բերել ՀՀ պետական օրակարգից ու այն թողնել սփյուռքի վրա։ Հենց դա էլ, ի դեպ, պահանջում է Թուրքիան՝ առաջարկելով նաև հարցը տեղափոխել պատմաբանների հանձնաժողովի հարթություն, այսինքն՝ թեման քաղաքականից դարձնել պատմագիտական ու թաղել։

Ինչ վերաբերում է Կարսի պայմանագրին, ապա Նիկոլի «կռուտիտն» այն է, թե ՀՀ բոլոր ղեկավարներն էլ Թուրքիային տարածքային պահանջներ չեն ներկայացրել ու ինքն էլ է շարունակում այդ գիծը։ Այո՛, էս մի հարցում նա ճիշտ է ասում, ավելի կոնկրետ՝ կիսաճշմարտություն։ Նախկին բոլոր իշխանությունները տարածքային պահանջներ Թուրքիային չեն ներկայացրել, բայց նաև չեն համաձայնել Կարսի պայմանագրի թեմային․ դրանք տարբեր բաներ են։ Նիկոլը սա կա՛մ չի հասկանում, կա՛մ հասկանալով փաստաբանություն է անում թուրքերի համար նաև այս հարցով։

Մի խոսքով, հայտարարությունն այն մասին, թե, իբր, հայ–թուրքական ներկա գործընթացն առանց նախապայմանների է, պարզապես հայ ժողովրդին մոլորեցնելու փորձ է, լկտի սուտ, Նիկոլի պրոթուրքական գիծը քողարկելու անհաջող տեխնոլոգիա։

Հայ–թուրքական ներկա գործընթացով Նիկոլը լուծում է իր աթոռի հարցը, իսկ Էրդողանն ու Ալիևը՝ պետական–ռազմավարական հարցեր։ Նրանց շահերը 100 տոկոսով համընկնում են։ Սա մեր պատմության ամենախայտառակ էջերից մեկն է, եթե ոչ ամենախայտառակը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը