Աշխարհ

22.01.2022 20:56


Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասին

Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասին

Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Azertaj-ը։

Հանդիպմանը նշվել է բոլոր ոլորտներում բարեկամ և մերձավոր հարևան երկրների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Շոշափվել են պաշտպանության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտների օրակարգային հարցեր։

Մտքեր են փոխանակվել արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման, այցելությունների կազմակերպման, փորձի փոխանակման ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ իրանա-ադրբեջանական հարաբերությունները նկատելիորեն վատթարացել էին, կողմերը մի քանի շաբաթ շարունակ փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում։

Իրանի իշխանությունները կասկածում էին, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Արդյունքում Իրանի իշխանությունները որոշեցին լայնածավալ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանների մոտ՝ միաժամանակ նշելով, որ թույլ չեն տա երրորդ երկրների և օտարերկրյա միջամտողների ներկայությունը Հարավային Կովկասում։

Այս խորագրի վերջին նյութերը