Աշխարհ

20.01.2022 20:47


Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա

Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա

Իրանը 10 օրով դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա տեխնիկական անսարքության պատճառով, ինչը թուրքական իշխանություններին ստիպել է գազով աշխատող էլեկտրակայաններին կարգադրել 40 տոկոսով կրճատել գազի սպառումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոլորտի ներկայացուցիչներին։

Թուրքական բնական գազի դիստրիբյուտորներին ևս առաջարկվել է մինչև 60 տոկոսով կրճատել մատակարարումը խոշոր սպառողների համար, բացառությամբ ջեռուցման համար օգտագործվողների, հայտարարել են թուրքական հատվածի պաշտոնյաները:

Իրանը Թուրքիային ծանուցել է բնական գազի մատակարարումը 10 օրով դադարեցնելու մասին, սակայն մատակարարումներն ավելի շուտ սկսելու բանակցությունները շարունակվում են, հավելել են պաշտոնյաները։

Թուրքիան գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից գազի ներկրումից։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ 2021 թվականի առաջին տասը ամիսներին միայն Իրանն ապահովել է Թուրքիայի բնական գազի կարիքների 16 տոկոսը։

Թուրքիայում էներգակիրների գները կտրուկ աճել են համաշխարհային աճի և անցյալ տարի դոլարի նկատմամբ լիրայի 44 տոկոս անկման պատճառով։

Այս ամիս էլեկտրաէներգիան թանկացել է 125 տոկոսով բարձր պահանջարկ ունեցող առևտրային բաժանորդների և մոտ 50 տոկոսով ցածր պահանջարկ ունեցող տնային տնտեսությունների համար։

Կենցաղային օգտագործման համար բնական գազի գները հունվարին աճել են 25 տոկոսով, իսկ արդյունաբերական օգտագործման համար՝ 50 տոկոսով, հայտնել է BOTAS ազգային դիստրիբյուտորը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը