Աշխարհ

20.01.2022 14:28


Պաշտոնական արձագանք ենք ակնկալում կողմերից՝ եռանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի կապակցությամբ. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Պաշտոնական արձագանք ենք ակնկալում կողմերից՝ եռանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի կապակցությամբ. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողին այն հարցին, թե ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը թույլ չի տալու Մինսկի խմբի համանախագահներին զբաղվել Ղարաբաղի հարցով, և արդյոք Մոսկվան նույնպես այն կարծիքին է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է»:

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին նրա մանդատի համաձայն և իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ եկան 2020 թվականի պատերազմից հետո: Մինսկի խմբի մեր գործընկերները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ամբողջությամբ կիսում են մեր տվյալ դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը արտացոլվել է Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ»,-պատասխանեց Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ փաստաթղթում ամրագրվել է եռանախագահողների՝ Բաքվին և Երևանին ուղղված կոչը մոտ ժամանակներում հյուրընկալելու համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց գնահատել իրադրությունը տեղում, հասնել շոշափելի առաջընթացի հումանիտար նախաձեռնություններում, որոնք քննարկվել են եռանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ընթացքում:

Զախարովայի խոսքով՝ հիշատակված շփումների արդյունքներով, որոնք տեղի էին ունեցել 2021 թ. սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում, համանախագահները Ստոկհոլմում դեկտեմբերի 2-ին կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում երկու նախարարին էին փոխանցել հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկ հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ: Համանախագահների առաջարկած օրակարգը վերաբերում է ե՛ւ հումանիտար, ե՛ւ սոցիալ-քաղաքական խնդիրներին:

«Մենք կողմերից պաշտոնական արձագանք ենք ակնկալում՝ այդ թվում եռանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի կապակցությամբ»,-հավելեց ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր «ճնշել» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը և հավելել, թե իր համոզմամբ համանախագահները «չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է»:

Այս խորագրի վերջին նյութերը