Աշխարհ

19.01.2022 21:14


Իրանում հայկական եկեղեցի է բարեկարգվել

Իրանում հայկական եկեղեցի է բարեկարգվել

Իրանի հարավ-արևմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել, հայտնում է Tehran Times-ը։

Ավարտվել է հայկական տաճարի տարածքի բարեկարգման և մաքրման ծրագիրը, և այժմ տեղական իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում պատմական հուշարձանը բացել այցելուների համար։

Վերակառուցվել են վանքի հին կառույցը, բակը և այլ տարածքներ։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում տաճարի տարածքում գտնվող տապանաքարերի փաստագրման ուղղությամբ։

Հոդվածում նշվում է, որ Բուշեհրի հայկական եկեղեցին նավահանգստային քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է։

«Իրանը տուն է բազմաթիվ եկեղեցիների, մատուռների և տաճարների համար: Արևելյան Ադրբեջանի և Արևմտյան Ադրբեջանի նահանգների Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս և Ձորձոր (Զորզոր) եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում էին ընդգրկվել 2008 թվականին»,-ասվում է հրապարակման մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս հուշարձանները որպես հայկական ճարտարապետության ակնառու նմուշներ է որակել։

Բուշեհրի հայկական եկեղեցին կառուցվել է Քաջարների դինաստիայի օրոք (1795-1925) Ավադյանների ընտանիքի կողմից, որը նավահանգստային քաղաքի նշանավոր հայ ընտանիքներից էր։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը