Կարծիք

18.07.2011 14:21


Հայտարարություն, որ ցնցեց աշխարհը

Հայտարարություն, որ ցնցեց աշխարհը

Բացեք ցանկացած հանրագիտարան եւ պարզեք, թե ինչ է անկեդոտը: «Կարճ, հորինովի, երգիծական պատմություն` անսպասելի վերջաբանով»,- ահա թե ինչ է անեկդոտն ըստ գիտնականների: Երբ ընթերցեցի Հայ ազգային կոնգրեսի վերջին «ցնցող» եւ «երկխոսաշունչ» հայտարարությունը, հասկացա, որ գործ ունենք սովորական անեկդոտի հետ: Միակ շեղումը երեւի այն է, որ այս հայտարարությունը մի փոքր երկար է, քան սովորաբար լինում են անեկդոտները:

Նրանք, ովքեր կարծում են, թե խտացնում եմ գույները, կարող են իրենց ստիպել եւ կարդալ վերոհիշյալ հայտարարությունը, որը բաղկացած է ութ կետից: Կարելի է ենթադրել, որ սա եւս համաձայնեցված է Սերժ Սարգսյանի թիմի հետ, որ հանկարծ ադրբեջանցիները չօգտվեն հնարավոր տարաձայնություններից եւ Հայաստանի դեմ թշնամական գործողություններ չիրականացնեն: Անկասկած, եթե իրոք այս հարցում եւս «երկխոսոսւթյան» հետքեր կան, ապա մենք պետք է ծափահարենք հայտարարության հեղինակներին:

Առաջին կետում Կոնգրեսն ի լուր աշխարհի հայտնում է, թե հուլիսի 9-ին ինչ է ասել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայտարարության հենց սկզբում Կոնգրեսը ճանաչում է Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահ: Անշուշտ, սա եւս «երկխոսսության» պտուղներից է:

Երկրորդ կետում արդեն նշվում է, թե հուլիսի 16-ին ինչ է ասել Հովիկ Աբրահամյանը եւ ուր է իրենց հրավիրել հանդիպման: Կարելի է միայն կռահել, թե հայտարարության հեղինակներն ինչու են ամբողջությամբ ցիտել Հովիկ Աբրահամյանին: Որոշ պատմաբաններ պնդում են, թե երբ մոնղոլ-թաթարների խանն իրեն ենթակա տերության կառավարչին հրավիրում էր զրույցի, վերջինս ոգեւորվում էր եւ բնակչությանը մանրամասնորեն տեղեկացնում, թե իրեն ուղղված նամակում ինչ է ասել խանը: Սա հենց այնպես` վիճակագիրների համար, ինչպես սիրում են ասել մարզական մեկնաբանները:

Երրորդ կետը կարդալուց հետո ակամա ՀԱԿ-ին սկսում ենք նմանեցնել այն աղջկան, որը շտապում է ժամադրության, բայց մինչ այդ իր ընկերուհիներին եւ ընտանիքի անդամներին փորձում է համոզել, թե տղան է ծնկաչոք հանդիպում խնդրել: Իսկապես, Կոնգրեսի հայտարարության երրորդ կետը լուրջ մտորումների տեղիք է տալիս: Եթե այս հարցում է Կոնգրեսը փորձում թյուրիմացության մեջ գցել հանրությանը, ապա կարելի է կռահել, թե մյուս հարցերում ինչ պատկեր է տիրում: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի էլ գիտի, որ ոչ ՀՀԿ-ն, որ ԲՀԿ-ն, ոչ էլ ՕԵԿ-ը Կոնգրեսի հետ պատվիրակություններով բանակցելու բաղձանք չի ունեցել, եւ որ այդ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է, այն էլ Կոնգրեսի խնդրանքներից հետո:

Չորրորդ կետից պարզ է դառնում, որ Կոնգրեսի առաջնորդները ցանկանում են երկխոսել Տիգրան Սարգսյանի եւ նախարարների, այլ ոչ թե կուսակցության ներկայացուցիչների հետ: Իսկապես, ինչ անուշադիր մարդ է Սերժ Սարգսյանը, որ չի հասկացել, թե ում հետ են ցանկանում շփվել կոնգրեսականները: Բայց մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում ասել էր, որ եթե կոնգրեսականները առաջարկություն ունեն գործադիրին, ապա կարող են հանգիստ իրենց առաջարկները նրանց ներկայացնել: Ամենայն հավանականությամբ, Կոնգրեսը ցանկանում էր, որ պատվիրակության կազմում ընդգրկվեն նախարարներ:

Հինգերորդ կետում Կոնգրեսի առաջնորդները հույս են հայտնում, որ Սերժ Սարգսյանը կձեւավորի պատվիրակություն, որը բաղկացած կլինի նախարարներից կամ նախարարի տեղակալներից կամ վարչության ու բաժնի պետերից, որոնց հետ հնարավոր կլինի զրուցել արտահերթ ընտրությունների մասին:

Վեցերորդ կետն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Կոնգրեսը մերժելու է բանակցելու կոալիցիոն կուսակցությունների առաջարկը: Այնքան խիստ եւ կտրուկ են ձեւակերպումները, որ այլ բան ենթադրելը դժվար է:

Հաջորդ կետն արդեն ամբողջական է դարձնում անեկդոտը, քանի որ Կոնգրեսը պատրաստակամություն է հայտնում բանակցել կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Իսկապես, վեցերորդ կետից հետո յոթերորդն իսկական անակնկալ էր, բայց եթե վերադառնանք մեր իրականություն, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում: Վեցերորդ կետը պարզապես կոնգրեսի ֆանատիկների համար է, որ նրանց համար կարդան մինչեւ հանրահավաքը եւ հանրահավաքի ժամանակ:

Ութերորդ կետն էլ հանրահավաքի սովորական գովազդ է: Մնում է կռահել, թե այս խայտառակ հայտարարությունից հետո քանի հոգի է իրեն թույլ տալու մասնակցել Կոնգրեսի հանրահավաքին: Կարծում եմ բուքմեյքերները կարող են խաղադրույքներ վերցնել:

Եւ քանի որ խոսեցինք անեկդոտի մասին, մի հին անեկդոտ հիշեմ: Նապաստակը տեսնում է, որ առյուծն ընկել է փոսը: Ոգեւորվում է եւ սկսում հայհոյել, նրան անվանելով ավազակապետ, գազան, կենդանասպան եւ այլն եւ այլն: Ոգեւորության պահին անզգուշաբար ընկնում փոսը եւ արագ-արագ ասում` չես հավատա, բայց եկել եմ, որ երկխոսեմ եւ անձամբ ներողություն խնդրեմ:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը