Տնտեսական

17.01.2022 20:03


Տարածքային կառավարման նախարարությունը թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը․ Պարսյան

Տարածքային կառավարման նախարարությունը թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը․ Պարսյան

Տարածքային կառավարման նախարարությունը թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«14․01․2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակվել են բնական գազի մատակարարման ջերմատվության հետ կապված միջպետական պայմանագրի փոփոխությունը և ամբողջական տեղեկատվությունը։ Իրականում նախարարությունն ուղղակի ստում է, քանի որ ՀՀ կառավարության նիստի օրակարգի 7-րդ կետի փաթեթում չկա որևէ տեղեկատվություն, որ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում։ Այս տեղեկատվությունը հանրությանը հայտնի է դարձել 12․01․2022 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումից։ Ինչու՞ 29․10․2021 թվականին «Գազպրոմ Արմենիա»-յի կնքած պայմանագիրը նույն նախարարությունը չի ներկայացրել հանրությանը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և տարածքային կառավարման նախարարության անարդյունավետ աշխատանքի մասին է խոսում նաև այն փաստը, որ 2 տարի տևած գազային բանակցություններն ավարտվեցին և պայմանագիրը ստորագրվեց այն ժամանակ, երբ գազի գինը միջազգային բորսայում աննախադեպ բարձր էր»,-հայտնում է Պարսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը