Քաղաքական

18.01.2022 17:20


Անդրանիկ Թևանյան․ «Ալիևը ոգևորվել է Փաշինյանի վերջին ասուլիսից ու անցել գրոհի» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ «Ալիևը ոգևորվել է Փաշինյանի վերջին ասուլիսից ու անցել գրոհի» (տեսանյութ)

ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին ու մարտահրավերներին։

Թևանյանի ելույթը ստորև։

․ ․ ․

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեր երկրի հյուսիս–արևելյան հատվածում օրերս տեղի ունեցած ռազմական բախման արդյունքում ունեցանք 3 զոհ։

Ալիևը մեղքը բարդեց Հայաստանի վրա։ Ի պատասխան՝ Հայաստանից հնչում է՝ «Մեզ ամուր նյարդեր են պետք՝ խաղաղության դարաշրջան բացելու համար» տխրահռչակ ձևակերպումը։ Փաստորեն, ամուր նյարդերը ՀՀ քաղաքացիներին պետք են զոհվելու կամ անվտանգության կորստին ըմբռնումով մոտենալու համար։

Որքան օպերատիվ ու աղմկոտ էր Փաշինյանը ղազախական գործընթացների ժամանակ, նույնքան դանդաղկոտ ու լուռ է նա Ալիևի քայլերին արձագանքելիս։ Շատ հաճախ այդ արձագանքը նույնիսկ բացակայում է։

Ալիևն օգտվում է Երևանի, այսպես կոչված, ամուր նյարդերից ու անցնում գրոհի՝ օգտագործելով ուլտիմատումների ու շանտաժի լեզուն։ Բաքուն Երևանին առաջարկում է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներն իրականացնել ատրճանակի փողի տակ։ Դատելով ամենից՝ Երևանը դեմ չէ, քանզի ամուր նյարդերի տեսությամբ է առաջնորդվում։

Նույնն է պատկերը նաև Արցախի հետագա ճակատագրի մասով։ Ալիևը, թերևս ոգևորված Փաշինյանի տարեվերջյան ասուլիսից, հարցը համարում է փակված ու Երևանից պահանջում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմի մեջ՝ հակառակ դեպքում սպառնալով գրավել Զանգեզուրը, Սևանա լիճը, Երևանը։ Պաշտոնական Երևանը կրկին լռություն է պահպանում։ Ավելի ճիշտ՝ Փաշինյանը հիմնավորում է Ադրբեջանի չակերտավոր իրավունքները Ղարաբաղի մասով՝ զուգահեռաբար բավարարելով թուրքական նախապայմաններից մեկը։

Ալիևը խոսում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու մասին, իսկ Փաշինյանը հիմնավորում է, որ, իբր, «էն գլխից» էլ Ղարաբաղը տված պրծած էր, պարզապես իր մեղքն այն է եղել, որ ինքն այն հանձնել է ոչ թե թղթով, այլ արյամբ։ Ահա այսպիսի հեռակա փոխըմբռնում է արձանագրվում Արցախի հարցում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Եվ միայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահող միջնորդներն են հայտարարում, որ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ և չի կարելի հայ–ադրբեջանական սահմանագծման աշխատանքները կապել Ղարաբաղի հարցի հետ։ Վերջինը Լավրովի հայտարարությունն էր։

Այս պայմաններում բնական է, որ Արցախի խորհրդարանից պետք է ռեակցիա լիներ պաշտոնական Երևանի դիրքորոշման կապակցությամբ, և այդ ռեակցիան եղավ, ինչը ողջունելի է։

Հարգելի հայրենակիցնե՛ր

Հայաստանը հիմա ծանր վիճակում է հայտնվել։ Շատ ավելի ծանր, քան 2020–ի նոյեմբերի 9–ին։ Եթե այն ժամանակ մարդիկ շոկ ապրեցին ու դուրս եկան փողոց, ապա հիմա արտագաղթում են կամ ինքնաօտարվում պետությունից։ Այս պահի գլխավոր խնդիրը, հետևաբար, հասարակական–քաղաքական լայն համախմբմամբ իշխանափոխություն իրականացնելն է։ Դա է Հայաստանի փրկության գլխավոր նախապայմանը։

Այս խորագրի վերջին նյութերը