Մեկնաբանություն

16.01.2022 16:18


Լավրովն՝ ընդդեմ Ալիև-Փաշինյան տանդեմի

Լավրովն՝ ընդդեմ Ալիև-Փաշինյան տանդեմի

Օրերս Իլհամ Ալիևը հարցազրույց էր տվել ու հոխորտացել Հայաստանի դեմ։ Նա ասում էր, որ եթե 6 ամսվա ընթացքում իր պահանջները չկատարվեն, ապա Ադրբեջանն ուժով կվերցնի «իրենց» Զանգեզուրը, Սևանա լիճն ու, ի վերջո, Երևանը։

Ալիևն այս հայտարարություններն անում էր Վարդենիսում տեղի ունեցած բախումներից հետո, երբ մենք 3 զոհ ունեցանք։

Ալիևը մեկ այլ բան էլ էր պահանջում։ Ասում էր Հայաստանը պետք է սահմանազատման–սահմանագծման գործընթացին զուգահեռ ճանաչի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ 44–օրյա պատերազմի արդյունքում Ղարաբաղի հարցը լուծվել է ու հիմա նման հարց օրակարգում չկա։

Ուշագրավն այն է, որ Ալիևի ասածներն իր տարեվերջյան ասուլիսում հիմնավորում էր Նիկոլ Փաշինյանը։ Ալիևին կիրթ ու կառուցողական համարող Նիկոլը փրփուրը բերանին փորձում էր ապացուցել, որ Ղարաբաղը միևնույն է Ադրբեջանի կազմում էր մնալու, քանզի բանակցային գործընթացի բոլոր փուլերում այդպես է եղել։

Նիկոլն, իհարկե, ստում է, քանզի մադրիդյան սզբունքները ենթադրում էին հանրաքվե և Ղարաբաղի կարգավիճակի ամրագրում, այդ թվում՝ Ադրբեջանի կազմից դուրս տարբերակով։

Նիկոլն այդ ամենը գիտի, բայց Ալիևի օգտին է խոսում, որպեսզի արդարացնի իր արածները և հիմնավորի իր հետագա անելիքները՝ զիջումները։

Ալիևանիկոլական տանդեմի պասերով խաղին հերթական անգամ միջամտեց ՌԴ արտգործնախարար Լավրովը, ով պաշտոնական Երևանի լռության պայմաններում պատասխանեց Ալիևին։

«Սահմանագծումը չի վերաբերում Ղարաբաղյան տարածաշրջանին և խնդրի կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է»,–հայտարարել է Լավրովը։

Այսինքն՝ ստացվում է, որ Փաշինյանը կողմ է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու Ալիևի պահանջներին, իսկ ՌԴ–ն դեմ է դրան։

ՌԴ–ն դեմ է, քանզի եթե Նիկոլը Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի կազմում, ապա ռուս խաղաղապահներն այնտեղից ավտոմատ կերպով պետք է հեռանան, ինչը չի մտնում Կրեմլի ծրագրերի մեջ, բայց ինչը հակասում է Նիկոլի ու Ալիևի համատեղ մոտեցմանը։ Ահա այսպիսի խայտառակ վիճակում է հայտնվել Հայաստանը․ իր ղեկավարը գործում է թուրք–ադրբեջանական տանդեմին համահունչ և միայն հանգամանքների ու դրսի ուժերի (տվյալ դեպքում՝ Ռուսաստան, Իրան) ազդեցության արդյունքում է, որ մեր երկիրն ամբողջությամբ չի խժռվել թշնամիների կողմից։

Ինչքա՞ն կարող է դիմանալ Հայաստանն այս իշխանության պայմաններում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը