Մեկնաբանություն

18.07.2011 12:59


«Արմենիա Մարիոթից» մինչև «Էրեբունի Պլազա»

«Արմենիա Մարիոթից» մինչև «Էրեբունի Պլազա»

Կպատկերացնե՞ր արդյոք Լևոն Տեր–Պետրոսյանը, որ քաղաքական վերակենդանացումից հետո «ավազակապետություն» և «մոնղոլ–թաթարական» համակարգ որակումները տալով իշխանությանը՝ ինքը շատ չանցած  Սերժ Սարգսյանին խնդրելու է դառնալ նրա «էջմիածնական միաբանը»։

Կպատկերացնե՞ր արդյոք Լևոն Տեր–Պետրոսյանը, որ 2008–ի «հեղափոխական» օրերին պար գալով Օպերայի բակում և իրեն «հինգ պակաս»  նախագահ զգալով՝ ընդամենը երեք տարվա ընթացքում այնպես է քաղաքական առումով ինֆլյացիայի ենթարկվելու, որ սկսելու է նույն Օպերայի բակում մեջբերումներ անել Սերժ Սարգսյանի խոսքերից ու պայքարել նրա ընդդիմախոսների դեմ։

Եվ վերջապես, կպատկերացնե՞ր արդյոք Լևոն Տեր–Պետրոսյանը, որ Արթուր Բաղդասարյանին «ախք» անվանելով՝ ինքն է Բաղդասարյանի պես «երկխոսության» գնալու ՀՀԿ «ճկուն» ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի հետ, բայց ի տարբերություն ՕԵԿ նախագահի՝ մերժվելու է և մնալու է փողոցում, կամ լավագույն դեպքերում Գալուստ Սահակյանի կողմից հրավիրվելու է Սևանի անվճար հանրային լողափ։

Դժվար է ասել, թե արդյոք այս ամենը պատկերացրե՞լ էր ՀԱԿ առաջնորդը, բայց իրականությունն այն է, որ այսօր մենք տեսնում ենք նրա հաճախորդացման նվաստացուցիչ մի գործընթաց՝ հետևում ունենալով տասը զոհ, բազում վիրավորներ ու հուսալքված զանգված, որի մի մասը պարզապես լքում է հայրենիքը։

Փաստորեն, իր քաղաքական վերադարձը սկսելով «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցից՝ Տեր–Պետրոսյանն այն անփառունակ ավարտում է «Էրեբունի Պլազա» հյուրանոցում իշխանական կոալիցիայի հետ գյալաջի անելու և ՕԵԿ ներկայացուցչի հետ «ջան» ասելու և «ջան» լսելու պատրաստակամությամբ։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Տեր–Պետրոսյանը «հյուրանոցային» գործիչ է. ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Իսկ պատկերացնու՞մ են արդյոք «Լևոնի վկաները», որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը կատարելու է Արտաշես Գեղամյանի դերը և պայքարելու է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։ Չե՞ն պատկերացնում։ Շատ իզուր։ 2008–ին զոմբիներն այժմ տեղի ունեցողը պատկերացնու՞մ էին։ Իհարկե՝ ոչ։ Դե ուրեմն թող պատրաստ լինեն մեկ տարի հետո «Սեր–ժի՛կ, մնա՛» գոռալուն։ Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ։

Այս խորագրի վերջին նյութերը