Լրահոս

16.01.2022 12:07


Պայթյունից բնակիչներ են տուժել

Պայթյունից բնակիչներ են տուժել

Հունվարի 15-ին` ժամը 10։01-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով ձևախախտվել է պատշգամբի արտաքին պատը, մոտ 14 քմ հատված առանձնացել է կառուցատարրերից, մասնակի փլուզվել է խոհանոցի և ննջասենյակի միջսենյակային պատը (մոտ 2 քմ), թուլացել և վնասվել է հյուրասենյակի միջսենյակային պատը (մոտ 12 քմ), բնակարանի գույքը, կոտրվել են պատուհանների ապակիները:

Պայթյունի հետևանքով կոտրվել են նաև հարակից շենքի 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանների պատուհանների ապակիները։

Տուժել են բնակարանի բնակիչներ Ա․ Կ․-ն (ծնված 1936 թ․) և Դ․ Կ․-ն (ծնված 1948 թ․), ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները սահմանազատել են շենքի հետնամասը:

Այս խորագրի վերջին նյութերը