Քաղաքական

16.01.2022 09:52


Ինչ ցույց տվեց Ալեքսանդր Ազարյանի ընտրությունը

Ինչ ցույց տվեց Ալեքսանդր Ազարյանի ընտրությունը

Երեկ լրատվադաշտում երկու կարևորագույն թեմաներ էին շրջանառվում՝ Ռուբեն Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպումը, որին ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակը ներկայացել էր «դեպքի վայր» հասցնող ՀՀ դիվանագիտական ծառայողական ավտոմեքենայի վրայից ՀՀ դրոշը հանած, և Դատավորների միության նախագահի ընտրությունը:

Ողջ օրվա ընթացքում հասարակական-քաղաքական լայն շերտերը, լրագրողներն ու մասնագիտական հանրույթը սպասում էին, թե ով կդառնա Դատավորների միության նախագահ:

Ի վերջո, օրվա ավարտին հայտնի դարձավ, որ Միության նախագահ է դարձել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ ստանալով 184 քվեարկողներից 140-ի ձայները: Նրա մրցակիցը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մտերմուհին՝ Ելիզավետա Դանիելյանը, հավաքեց ընդամենը 44 ձայն:

Դատավորների միությունը հասարակական կազմակերպություն է, ու թվում է, թե հարցեր լուծելու համար առանձնապես լծակներ չունի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորների միության նախագահի ընտրությունը իշխանությունների համար դարձել էր կյանքի և մահու հարց, ու անգամ տեղեկություններ կային, որ դեռ նախորդ օրվա երեկոյից սկսած, կանխատեսելով իրենց պարտությունը, արդեն զանգերի միջոցով ճնշումների էին ենթարկվում որոշ դատավորներ, ովքեր պիտի բոյկոտեին ու ըստ այդմ տապալեին Ժողովը, պարզ է դառնում, որ Դատավորների միության նախագահի ընտրությունը շարքային իրադարձություն չէր օրվա անցուդարձում:

Եվ եթե հաշվի առնենք այն, որ ֆավորիտ թեկնածուի՝ Ալեքսանդր Ազարյանի գործավարին էլ նախորդ օրն առանց պատշաճ ծանուցման հրավիրել էին Հակակոռուպցիոն կոմիտե, պատկերն ամբողջանում է:

Ինչևէ, այս պատմության մեջ թերևս կարևորն ու ուշագրավն այն 139 կամ 140 դատավորներն էին, ովքեր իրենց ձայնը տվեցին Ալեքսանդր Ազարյանի, ասել է թե՝ անկախ, սկզբունքային դատական համակարգ ունենալու օգտին: 140 դատավոր, թեկուզ ներքուստ, ինքն իր խղճի ու համոզմունքների հետ միայնակ մնալով՝ ընտրություն է կատարել պատվերով «արդարադատության» դեմ: 140 դատավոր, որոնցից միայն 10-15-ն են առավելագույնը հանդես գալիս հրապարակային դիրքորոշմամբ՝ հանուն անաչառ արդարադատության ու իշխանական կամայականությունները դատական համակարգ բերելու դեմ, ցույց տվեց, որ Հայաստանի համակարգում դատական համակարգը կամակատար չի դառնալու:

Այս փակ գաղտնի քվեարկությունը ցույց տվեց՝ դատական իշխանությունը ՀՀ-ում ապագա ունի և կարող է ու լուծում է հարցեր՝ ի շահ ՀՀ-ն իսկապես երբևէ իրավական պետություն դարձնելու:

Հենց այս համատեքստում է կարևորվում Ալեքսանդր Ազարյանի ընտրությունը՝ անկախ այն գործառույթներից, որ ունենալու է Դատավորների միության նախագահն ի պաշտոնե ու Միության կանոնադրության համաձայն:

Հիմա, բնականաբար, ճնշումների նոր ալիք կսկսվի դատական համակարգի դեմ, բայց երեկվա ընտրությունն այն կարմիր բաժանարար գիծն էր, որը ցույց տվեց՝ ՀՀ-ում դատական իշխանությունը, ինչպես ասում են՝ խռխռում է, բայց չի մեռել ու դժվար էլ մեռնի:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը