Քաղաքական

15.01.2022 11:34


Փաշինյանը նստում է Թուրքիայի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ արդեն կատարելով թուրքական նախապայմանները․ Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանը նստում է Թուրքիայի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ արդեն կատարելով թուրքական նախապայմանները․ Բենիամին Մաթևոսյան

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Gazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ կարծում է, որ հարաբերությունների «նորմալացման» ներկայիս փորձը կարելի է անվանել «դարակազմիկ», քանի որ Երևանը դե ֆակտո արդեն կատարել է բոլոր այն պահանջները, որոնք Անկարան ներկայացրել է իրեն։

«Ավանդաբար, հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց Հայաստանից պահանջվում էր հրաժարվել հայկական Լեռնային Ղարաբաղից և հրաժարվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական ​​քաղաքականությունից: Դե ֆակտո այդ պահանջներն արդեն իսկ կատարվել են Հայաստանի իշխանությունների կողմից»,-ասում է քաղաքագետը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նախապայման ի հայտ եկավ, և փաստացի նաև այն կատարեց հայկական կողմը, քանի որ երկրի ղեկավարի մակարդակով խոսվում է, որ երկրների միջև հաղորդակցությունը բաց է լինելու, իսկ ապրանքներն ու բեռները միջանցքով կտեղափոխվեն զինվորականների ուղեկցությամբ»,-հավելեց փորձագետը։

Մաթևոսյանի կարծիքով հայ-թուրքական ներկայիս օրակարգը հակահայկական, հակառուսական և հակաիրանական բնույթ ունի։ Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարությունն այդ հարաբերություններում տեսնում է հանրապետության «տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև արևմտյան երկրների հետ մերձեցման հնարավորություն»։

«Նրանք անկեղծորեն հավատում են, որ Անկարայով «տրանզիտով» կարող են ինտեգրվել արևմտյան աշխարհին, ՆԱՏՕ-ի կառույցներին և վերջնականապես ազատվել ռուսական կապերից։ Հայ-թուրքական «երկխոսությունն» ակնհայտորեն տեղի է ունենում ԱՄՆ-ի հովանու ներքո։ Այս «երկխոսության» իրական նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է։

Այս մոտացման հեղինակներին չի հետաքրքրում, որ դրա արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում, կստեղծվեն պայմաններ, որոնցում նրանք կապրեն «ոչ թե հայերի հետ», այլ «հայերի փոխարեն»։ Այս գործընթացի արտասահմանյան ղեկավարները մեծ խնդիր են լուծում, և «մանրադրամի» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում»,-կարծում է փորձագետը։

Ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Մոսկվան հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր հակառուսական վեկտորը բայց և ունի իր ծրագրերն ու շահերն այս գործընթացում։

«Մոսկվան ամեն դեպքում կփորձի առավելագույնը քամել գործընթացից (նույնիսկ իմանալով, որ մյուս կողմն ունի իր ծրագրերն այս գործընթացի համար): Ռուսաստանին Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իր պատճառով. եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի և կայուն գործի Մոսկվայի վերահսկողության ներքո, ապա Ադրբեջանը և Թուրքիան կապող ամենակարճ ճանապարհը կանցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով դրանից բխող բոլոր հետևանքներով»,-նշել է Մաթևոսյանը:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը