Քաղաքական

17.07.2011 20:57


ՀԱԿ–ը կհանդիպի իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների հետ

ՀԱԿ–ը կհանդիպի իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների հետ

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունըը

1. Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսություն ծավալելու նպատակով «Կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից»։

2. Հուլիսի 16-ին հրապարակվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ նույն խնդրի կապակցությամբ արված հետեւյալ հայտարարությունը. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը՝ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») եւ Խաչիկ Հարությունյանի («Օրինաց երկիր») մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ։ Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ Ազգային  Կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 16։00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար»։

3. Քանի որ Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ կոալիցիոն կուսակցությունների հետ երկխոսություն ծավալելու առաջարկ չի արել, ուստի նշված հայտարարություններից միանշանակորեն բխում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենք, սեփական նախաձեռնությամբ, ցանկություն են հայտնել քաղաքական քննարկումներ սկսել մեզ հետ եւ այդ նպատակով նաեւ համապատասխան աշխատանքային խումբ են ձեւավորել։

4. Հայ Ազգային Կոնգրեսն ի սկզբանե շեշտել եւ հետագայում բազմիցս կրկնել է, որ իր ներկայացրած երեք հայտնի պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, եւ ցավով արձանագրում է, որ վերջիններս չեն հասկացել կամ ձեւացնում են, թե չեն հասկացել այս պարզ իրողությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսեւորում։

5. Դա համարելով որոշումների կայացման հարցում բարդույթներ ունեցող իշխանություններին հատուկ ժամանակավոր արգելակում կամ մանր խորամանկություն, Կոնգրեսը որեւէ կասկած չունի, որ նրանք վաղ թե ուշ մեզ հետ խոսելու են գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված եւ Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պատվիրակության մակարդակով՝ հանգամանքների թելադրանքով քննարկելու համար մեր առաջարկած օրակարգը, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

6. Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձեւավորվել, Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն ժամանակ շահել եւ հարցը ձգձգել, միեւնույն է, նրանք չեն կարողանալու խուսափել արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականից, ուստի, երկրի կորուստներն ու ժողովրդի տառապանքները չավելացնելու համար, պարտավոր են, որքան հնարավոր է, արագ կողմնորոշվել այդ հարցում։

7. Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը եւ ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեեւ կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաեւ հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձեւաչափը, որպես Կոնգրես–իշխանություն բանակցությունների հիմնական ձեւաչափին զուգահեռ եւ օժանդակ գործընթաց։

8. Վերը նշված բոլոր հարցերին եւ կոալիցիոն կուսակցությունների «աշխատանքային խմբի» հետ առաջիկա հանդիպման մանրամասներին Հայ Ազգային Կոնգրեսը ավելի հանգամանորեն կանդրադառնա օգոստոսի 2-ի հանրահավաքում։ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք հանրահավաքի, քանզի իշխանություններին կառուցողականություն պարտադրելու այլ միջոց, քան հասարակության ակտիվությունն է, գոյություն չունի։

Այս խորագրի վերջին նյութերը