Լրահոս

12.01.2022 07:19


«Գնում եմ, որ գամ, պատերազմը չի ավարտվել»․ զոհված Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր, ընտանիքի միակ արու զավակը (լուսանկար)

«Գնում եմ, որ գամ, պատերազմը չի ավարտվել»․ զոհված Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր, ընտանիքի միակ արու զավակը (լուսանկար)

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում հունվարի 11-ին, զոհված ժամկետային զինծառայող Ռուդիկ Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից էր: Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարի 14-ին: Ռուդիկը սովորել էր Ալավերդու պետական քոլեջի բանկային գործ բաժնում: Որպես կամավոր աշխատում էր «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունում:

«Իր նման մարդիկ շատ քիչ են մեր օրերում: Ռուդիկը բարի էր, մաքուր, կատակասեր էր ու, անկախ ամեն ինչից, միշտ ժպտում էր: Սիրում էր լեռնագնացությամբ զբաղվել ու բացահայտումներ անել: Վերջին անգամ էլ Ախթալայի եկեղեցի էր գնացել ու ասաց, որ բանակից վերադառնալուց հետո Լենկ Թեմուրի լեռը կբարձրանա»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ռուդիկի ընկեր Լուսինե Օհանյանը:

Արցախյան 44-օրյա պատերազմից ավարտից մեկ օր անց՝ նոյեմբերի 10-ին, դեռեւս բանակ չզորակոչված Ռուդիկը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր կատարել․

«Պատերազմը չի ավարտվել ...

Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք:

Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ:

Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ:

Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում:

Հիշե՛ք, Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա:

Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ:

Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու»։

3 (1)

Զորակոչվելուց օրեր առաջ էլ ֆեյսբուքյան իր էջում Ռուդիկը զինկոմիսարիատից ստացած ծանուցագիրն էր հրապարակել ու գրել․ «Գնում եմ, որ գամ։ Ժպիտով, միշտ ժպիտով»․․․

3

Հիշեցնենք, որ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Այս խորագրի վերջին նյութերը