Կարծիք

17.07.2011 18:09


«Երկխոսություն» հանրային խորհրդում

«Երկխոսություն» հանրային խորհրդում

Իրականացավ նրանց երազանքը: Երկարատեւ սիրախաղերից հետո հրավեր ստացան Հովիկ Աբրահամյանի կողմից: Նրանք այնքան երջանիկ են, որ չեն նկատում ստորացումները, չեն նկատում, թե ինչպես են հեղինակազրկվում ժողովրդի աչքի առաջ, չեն նկատում, թե ինչ անհարմար իրավիճակի մեջ են հայտնվել:

Հավատացեք, որ ավելի լավ կլիներ, եթե լևոնենք «երկխոսեին» ոչ թե Հանրային խորհրդի տարածքում, այլ Սևանի անվճար հանրային լողափին կամ «Օջախ» ռեստորանային համալիրում:

Հիմա հրավեր են ստանում մի մարդուց, որին համարում էին ընտրակեղծարարների կնքահայր եւ գնալու են այն կառույց, որը նրանց կողմից միայն ծաղրանքի էր արժանանում: Ահա այսպիսի տխուր պատմություններ, որոնց մասին ապագա դարերի պատմիչները կանդրադառնան անթաքույց հեգնանքով եւ հումորով, եթե, իհարկե, այս սիրախաղերը Հայաստանի համար ծանր հետեւանքներ չունենան:

Հիմա կոնգրեսականների առաջնորդները լուրջ դեմքով նայում են իրենց հատուկենտ մնացած համակիրների աչքերին եւ ամենայն լրջությամբ ասում, թե հենց այս ճանապարհն էլ տանում է իշխանափոխության: Այո, որքան էլ տարօրինակ հնչի, իրոք, այս ճանապարհը տանում է իշխանափոխության, բայց ոչ այն իշխանափոխության, որի մասին ակնարկում են Կոնգրեսի առաջնորդները:

Այս գործընթացի արդյունքում բարոյապես եւ ոչ բարոյապես մաշվելու է թե՛ Սերժ Սարգսյանի թիմը, թե՛ Հայ ազգային կոնգրեսը: Այս ամենի արդյունքում նրանք կհայտնվեն այնտեղ, որտեղ իրենց տեղն է, իսկ իշխանության կգան նրանք, ում կվստահի ժողովուրդը: Իսկ այն, որ ժողովրդի մեծամասնությունն այլեւս չի վստահում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին` կասկածից վեր է:

Յուրքանչյուր ոք, եթե չզլանա եւ փորձի պարզել հասարակական տրամադրությունները, կհասկանա, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը սպասում է, որ հնարավորինս շուտ ձեւավորվի հզոր ընդդիմադիր դաշինք, որն էլ կկարողանա փոխել առկա իրավիճակը եւ հաջողությամբ կղեկավարի մեր բազմաչարչար երկիրը:

Իսկ մինչև ձեւավորվի քաղաքական նոր ուժը, մենք ստիպված ենք հետեւել Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի բեմադրած թատերական ներկայացմանը: Այս ամենը շատ ծիծաղելի է, եթե մեր շուրջը տխուր պատկեր չլիներ: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա երկու ուժ ցանկանում են բռնազավթել ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ քաղաքական դաշտը: Իհարկե, նրանք տապալվելու են եւ խայտառակ պարտություն կրեն:

Երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, ժողովրդի խայտառակ վատ եւ գնալով ավելի վատացող կենսամակարդակը, Տիգրան Սարգսյանի կառավարության անհասկանալի եւ անհեթեթ պահվածքը հուշում են, որ վարչախմբի եւ նրան թեւ ու թիկունք կանգնած Կոնգրեսի քաղաքական վախճանը մոտենում է: Ավելին, այն անխուսափելի է: Ստի եւ կեղծիքի վրա հենված ուժերի ճակատագիրը հենց այսպես էլ լինում է:

Բոլորի համար էլ պարզ է, որ այսպես կոչված, երկխոսությունը սկսվել է շատ վաղուց: Ավելին, այդ «երկխոսության» շրջանակներում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներում մեջբերումներ է անում Սերժ Սարգսյանից, հեռուստատեսությամբ ամեն ինչ անում են, որ հանրահավաքները բազմամարդ երեւան: Մի խոսքով, նույնիսկ քաղաքականությամբ չհետաքրքրվողների համար էլ պարզ է, որ գործ ունենք ժողովրդի թիկունքում կնքված գործարքի հետ:  Հիմա էլ, որ նույն ժողովրդի մի մասին հավատացնեն, թե ամեն ինչ ընթանում է բացախոսության պայմաններում, ձեւավորել են պատվիրակություններ, որ «երկխոսության» իմիտացիա անեն:

Հանրային խորհրդի ամենափոքր դահլիճում կարկառուն հակականները հանդիպելու են նրանց հետ, ում համարում են ավազակապետության ներկայացուցիչներ, ախքեր եւ ավազակներ: Կոնգրեսի առաջնորդներն իրենց սակավաթիվ համակիրներին փորձում են համոզել, թե հենց այս ճանապարհով էլ գնում են արտահերթ ընտրությունների, բայց դե բոլորի համար էլ պարզ է, որ Սերժ Սարգսյանը, որն արդեն իր կամքն է թելադրում Կոնգրեսին, չի պատրաստվում հրաժարական տալ` այն էլ Կոնգրեսի պահանջով: Այսպիսով, արտահերթ ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող:

Դժվար է հասկանալ, թե ինչի վրա է հույսը դրել Կոնգրեսը, երբ նույն համառությամբ ժողովրդին համոզում են, թե գնում են բանակցությունների, բացառապես արտահերթ ընտրությունների օրը ճշտելու համար:

Մի կարեւոր հիշեցում. Կոնգրեսի ամենապատասխանատու ներկայացուցիչները նշել էին, թե եթե մինչեւ սեպտեմբեր որեւէ արդյունքի չհասնեն, ապա ժամկետները սպառված կհամարեն: Հիմա պետք է շատ պարզ մի հարց ուղղենք Կոնգրեսի տաղանդաշատ առաջնորդներին: Ի՞նչ նկատի ունեք արդյունք ասելով, եւ որ ձեր սպասված արդյունքին չհասնեք ի՞նչ եք անելու, երբ նույն Ղարաբաղի հարցում որեւէ տեղաշարժ չի արձանագրվել եւ հաստատ առաջիկայում չի էլ արձանագրվելու: Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ հստակեցնեք եւ ավելի քան պարզ ասեք, թե որն է ձեր նպատակը` հրապարակային «երկխոսությունը», թե՞ իշխանափոխությունը: Եթե իշխանափոխությունը, ապա ինչ դեր ունեն այստեղ հրապարակային զրույցները: Չմոռանանք նաեւ, որ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներն ավելի քան պարզ ասել են, թե նույնիսկ այս հրապարակային «երկխոսության» շրջանակներում արտահերթ ընտրությունների մասին չեն էլ ցանկանում խոսել:

Այնպես որ, եթե Կոնգրեսը հույսը դրել է ժողովրդի միամտության վրա եւ մտադիր է այսպես արտահերթի մասին խոսելով հասնել հերթական խորհրդարանական ընտրություններին, իսկ հետո ասել, թե Կոնգրեսի ճիշտ մարտավարության շնորհիվ է, որ իշխանությունները չկարողացան հետաձգել խորհրդարանական հերթական ընտրությունները, ապա այդ երգերը հետաքրքիր կարող են լինել միայն իրենց շարքերի համար:

Կոնգրեսն ինքն իրեն այնպիսի իրավիճակում է դրել, որ այլեւս մանեւրելու հնարավորություն չունի, եւ եթե նրանց հույսն այն է, որ Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանը գնալու է ցավագին զիջումների եւ դրանից հետո իրենք գան իշխանության, ապա կրկին անգամ սխալվում են և եռակի անգամ ավելի վտանգավոր են, քան այս քրեական մտածողություն ունեցող վարչախումբը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը