Մեկնաբանություն

16.07.2011 13:17


Իշխանությունը «ժամո» արեց ՀԱԿ–ի պատվիրակությանը

Իշխանությունը «ժամո» արեց ՀԱԿ–ի պատվիրակությանը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իշխանություն–ՀԱԿ սպասվող գյալաջիի տեղն ու ժամը։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք «ընդդիմադիրներին» լիովին երջանիկ լինելու համար։

Վերջապես իրականացավ Լևոն Տեր–Պետրոսյանի երազանքը. իշխանական կոալիցիան միևնույն սեղանի շուրջ է նստելու ՀԱԿ–ի հինգհոգանոց պատվիրակության հետ ու «մին լյավ» գյալաջի է անելու։

ՀԱԿ առաջնորդը, կարելի է ասել, Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների համագործակցության պես մի բան նախապատրաստող «երկխոսությանը» սպասել էր «անհիշելի» ժամանակներից։ Հիմա արդեն ամեն ինչ իր տեղն ընկավ։

Սերժ Սարգսյանի հետ «երկխոսություն» իրականացրած Ա. Գեղամյանին «դհոլ», իսկ Ա. Բաղդասարյանին «ախք» որակումը տված թիմն այժմ գնում է վերջիններիս հետևից ու մտնում «սահմանադրական» ճանապարհի «վազքուղի», որը, ինչպես պարզվեց ԱԺ խոսնակի խոսքերից, սկսվում է Հանրային խորհրդի փոքր դահլիճից։

Ի դեպ, ուշագրավ է, որ իշխանությունը ՀԱԿ–ի պատվիրակությանը «ժամո» է արել Հանրային խորհրդի գրասենյակի տարածքում՝ դրանով, թերևս, ցույց տալով, թե ինչպիսի նշանակություն է տալիս Տեր–Պետրոսյանի թիմի հետ քննարկումներին։

Ուշագրավ է նաև այն, որ «երկխոսության» ժամադրավայր «Էրեբունի» հյուրանոցում է տեղակայված նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ինչը նշանակում է, որ քոչարյանենք ցանկության դեպքում քննարկումները «on line» ռեժիմով հետևելու հնարավորություն կունենան։

Դե ինչ, բարի երթ մաղթենք հանրային գյալաջիի մասնակիցներին և հուսանք, որ այս շոգ օրերին մեզ զվարճանալու ահագին առիթ կտան «ընդդիմախոսները»։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Նկատենք, որ իշխանությունը քցիբություն արեց ու ՀԱԿ–ին, ինչպես Գալուստ Սահակյանն էր առաջարկում, չտարավ «Օջախ» ռեստորան, իսկ այնուհետև՝ քաղաքից դուրս՝ Սևանի հանրային լողափ։

Հ.Գ.–2: «Դարակազմիկ» քննարկման հետ կապված մի առաջարկ անենք. թող մասնակիցներին մատուցվի «Բջնի» հանքային ջուր՝ որպես «երկխոսությանը» նպաստող ատրիբուտ, որը կխորհրդանշի կողմերի «իշխանափոխության» ձգտումը։

Հ.Գ.–3։ «Միաբանների» բախտը բերել է, որ իշխանության թիմում իրենց հետ միևնույն սեղանի շուրջ չի նստելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը։ Բանն այն է, որ «թարս» խոսք լսելու դեպքում (ասենք՝ արտահերթ ընտրություններ) Կարապետյանը կարող էր «համբալ»–ով դիմել հակառակ կողմին ու խանգարեր «ազգային» միասնության կայացմանը։ Հիմա, փառք Աստծո, նման վտանգ չկա և ՀԱԿ–ի պատվիրակները կարող են հանգիստ ուղևորվել դեպի «Էրեբունի» հյուրանոց։

Այս խորագրի վերջին նյութերը