Աշխարհ

10.01.2022 20:20


Աֆրիկայում հազարամյա այգի է հայտնաբերվել

Աֆրիկայում հազարամյա այգի է հայտնաբերվել

Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնի հնագետները Սոբա քաղաքի տարածքում հայտնաբերել են հնագույն այգի, որը գտնվում է Սուդանի ժամանակակից մայրաքաղաք Խարթումի մոտ։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Heritage Daily-ին։

Սոբա քաղաքը հիմնադրվել է IV դարում և եղել է միջնադարյան Նուբիայի կազմում։ IV-XVI դարերից քաղաքը եղել է հին աֆրիկյան քրիստոնեական Ալվա պետության մայրաքաղաքը։ Հնագետները մի շարք երկրաֆիզիկական հետազոտություններ են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ քաղաքը զբաղեցնում է 494 ակր տարածք:

Պատմական գրավոր աղբյուրները վկայում են, որ Սոբայում եղել են բազմաթիվ եկեղեցիներ, առանձնատներ և այգիներ։ Սակայն ճարտարապետական հուշարձանների մեծ մասը թալանվել է։ Շատ նյութեր օգտագործվել են Խարթումի շինարարության համար, որը հիմնադրվել է 1821 թվականին։

Հնագետներն աշխատել են այն վայրում, որտեղ ենթադրաբար գտնվել է հնագույն կալվածքը և հայտնաբերել են այգու մնացորդներ:

«Սա այս տեսակի առաջին հայտնագործությունն է Սոբայում և սակավաթիվներից մեկը՝ Սուդանում»,-նշել է հնագետ Մարիուշ Դժևեցկին:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև չմշակված աղյուսից պատեր, ինչպես նաև ոռոգման համակարգ՝ ջրանցքների տեսքով։ Այգու տարածքում ծառեր ու թփեր են աճել։ Հետազոտողները հայտնաբերել են նաև մի քանի շինությունների ավերակներ, այդ թվում՝ մեծ կիսաշրջանաձև վառարանով խոհանոց։

Այս խորագրի վերջին նյութերը