Տնտեսական

10.01.2022 11:01


«Մրգային գինի» գրությամբ խմիչքներ այլևս չեն կարող արտահանվել ՌԴ․ հայկական արտադրողների համար խնդիրներ են առաջանում

«Մրգային գինի» գրությամբ խմիչքներ այլևս չեն կարող արտահանվել ՌԴ․ հայկական արտադրողների համար խնդիրներ են առաջանում

Բացի խաղողից այլ մրգային գինիները՝ գինի մակնշմամբ այլևս չեն կարող արտահանվել ռուսական շուկա, ՌԴ-ում հունվարի 1-ից գինի կարող է կոչվել միայն խաղողից պատրաստվածը: Հայկական արտադրողների համար այսպիսով խնդիրներ են առաջանում, օրինակ Հայաստանում պատրաստվող նռան գինին ռուսական շուկայում խանութներում պետք է հայտնվի ոչ թե գինիների, այլ ավելի էժան ալկոհոլային ըմպելիքների շարքում՝ ընդ որում «պտղային ալկոհոլային արտադրանք» անվանմամբ: Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, նախատեսվում է սահմանել նռան գինու առանձին կատեգորիա, այսինքն` խմիչքի առանձին տեսակ, որը կարող է կոչվել «Գրանատուս»:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց. «Եթե մասնագիտորեն նայենք՝ իսկապես գինի կոչվում է այն խմիչքը, որը պատրաստվում է խաղողից: Սա է Ռուսաստանին ստիպում, որ օրենքի մեջ այդ փոփոխություններն անեն և միայն խաղողից պատրաստված խմիչքը համարեն գինի»:

Ըստ Մուրադյանի՝ Հայաստանում մոտ 6 մլն լիտր մրգային գինի է արտադրվում, որից 4.7 մլն լիտրն արտահանվում է, ընդ որում վերջին տարիներին այդ ծավալն ամեն տարի աճում է: Հայաստանից արտահանվող մրգային գինիների մոտ 80 տոկոսը հենց ռուսական շուկա է արտահանվում: Նռան գինին Հայաստանում հիմնականում պատրաստում են մաքուր նռից, բնական խմորումով, և այն, այսպես ասած, դարձել է ազգային խմիչք: Եվ համարել, թե դա ոչ բնական, արոմատացված խմիչք է, Մուրադյանն անթույլատրելի է համարում: «Դրա համար մենք արտադրողների հետ մտածում ենք ստեղծել նռան գինու առանձին կատեգորիա և այդ նոր կատեգորիայով շուկայահանել»,-ասաց նա՝ նկատելով, որ սակայն դրա համար ժամանակ է պետք:

Այս խորագրի վերջին նյութերը