Քաղաքական

09.01.2022 11:31


«Կառավարական դաչաներում» ապրողների թիվը կավելանա

«Կառավարական դաչաներում» ապրողների թիվը կավելանա

2021 թվականի տարեմուտին՝ դեկտեմբերի 30-ին, Կառավարությունը չզեկուցվող հարցով ընդունել է իրենց համար մի կարևոր որոշում։ Այսուհետև Կոնդի առանձնատներում, որը ժողովրդին հայտնի է կառավարական դաչաներ անունով, հարկատուների հաշվին կապրեն ոչ միայն այս կամ այն գերատեսչության հատուկ պաշտպանության ենթակա պաշտոնյաներն իրենց ընտանիքներով, այլև ցանկացած պաշտոնյա, որի վերաբերյալ վարչապետի աշխատակազմը որոշում կկայացնի ու անհրաժեշտ կհամարի, որ պետք է ապրի հարկատուների հաշվին՝ Կոնդի առանձնատներում։

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը փոփոխության է ենթարկել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը կարգավորող 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1635-Ա որոշման 2-րդ կետը և «գերատեսչական առանձնատուն» ձևակերպումը փոխարինել է «ծառայողական առանձնատուն» բառակապակցությամբ:

Այս փոփոխությունը նշանակում է, որ, եթե նախկինում գերատեսչական առանձնատանը բնակվողը համարվում էր այս կամ այն գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյա, ինչի պատճառով էլ համարվում էր հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ, ու պետական բյուջեից այդ անձի համար իրականացվում էին արարողակարգային ծախսեր, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման և այլ ծախսեր և այդ ամբողջը համարվում էր գաղտնի գնում, հիմա նույն ծախսերը կարվեն արդեն ցանկացած պաշտոնյայի համար, որին նպատակահարմար կգտնեն բնակեցնել Կոնդի առանձնատներում, քանզի այդ առանձնատներն այսուհետև կլինեն ոչ թե գերատեսչական, այլ սովորական ծառայողական։

Փաշինյանի աշխատակազմի այս որոշումը անհասկանալի է համարել Ֆինանսների նախարարությունը, որը հայտնել է, որ որոշումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերից:

Ֆինանսների նախարարության համար անհասկանալի է, թե ինչու է կառավարությունն իրականացնում գործողություններ, որոնք չեն բխում ռազմավարական առաջնահերթություններից։

Հիշեցնենք, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գերատեսչական տարածքում կարող են բնակվել Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը` իրենց ընտանիքներով` պաշտոնավարման ժամանակահատվածում:

Առանձնատներում կարող են բնակվել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը և Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը