Տնտեսական

08.01.2022 16:11


2022-ին գնաճը շարունակվելու է․ սոցիալական պետությունն առնվազն արձանագրված գնաճի չափով պետք է ավելացնի սոցիալապես խոցելի խմբերին վճարվող կենսաթոշակները, նպաստները․ Թադևոս Ավետիսյան

2022-ին գնաճը շարունակվելու է․ սոցիալական պետությունն առնվազն արձանագրված գնաճի չափով պետք է ավելացնի սոցիալապես խոցելի խմբերին վճարվող կենսաթոշակները, նպաստները․ Թադևոս Ավետիսյան

2020-ի տնտեսական աննախադեպ անկումը՝ 7,4 տոկոս, 2021-ին այդպես էլ չկարողացանք վերականգնել։ Տարբեր հիմքերով վատատեսական են սպասումները նաև 2022-ի համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով 2021-ին ՀՀ-ում իրականացված տնտեսական քաղաքականությանն ու 2022-ի սպասելիքներին։

Առաջին հիմքը, Ավետիսյանի խոսքով, այն է, որ 2020-ին կառավարման ոլորտի ձախողումներից դասեր չեն քաղվել։ Մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ն էականորեն զիջել է դիրքերը, ինչն իր հետևանքներն է ունեցել տնտեսության վրա։ «Համավարակն ազդել էր համաշխարհային ողջ տնտեսության վրա, բայց կրկնակի բացասական հետևանքներ թողեց ՀՀ տնտեսության վրա, հետագայում էլ եղան պատերազմի բացասական հետևանքները»,-նշեց նա։

Հաջորդ գործոնն էլ երկրում տնտեսական ակտիվության դանդաղ տեմպն էր 2021-ի ընթացքում՝ համեմատած տարածաշրջանի երկրների հետ, ինչը, պատգամավորի խոսքով, հիմնականում պայմանավորված է կառավարման ձախողումներով և պոպուլիստական վարքագծով։ «Իրավիճակը ոչ օբյեկտիվ գնահատելով և մանիպուլացնելով՝ չես կարող իրական արդյունքներ ունենալ»,-ընդգծեց Ավետիսյանը։

Նա կարևորեց՝ իշխանություններն «օդի մեջ» խոսում էին միլիարդավոր դոլարների ներդրումների մասին, մինչդեռ օտարերկրյա ուղղակի ներդրումները նույնիսկ 100 մլն դոլար չեղան։ «Դրա հիմնական պատճառներն են ընդհանուր անկայունությունը, բարձր պահպանվող աշխարհաքաղաքական ու անվտանգային ռիսկերը։ Եթե երկրիդ սահմանները չես կարողանում պաշտպանել, և թշնամին մտնում է քո սուվերեն տարածք, քեզանից խլում է ճանապարհներ, գերիների է վերցնում քո տարածքում, սրանք շատ ուղիղ ու առարկայական հետևանքներ են թողնում նաև տնտեսության վրա։ Խոստացված երկնիշ ցուցանիշը վերաբերեց պետական պարտքի ավելացմանը»,-ասաց տնտեսագետը։

Հաջորդ բացասական ցուցանիշն էլ վերաբերում է երկնիշին մոտեցող գնաճին, որը, Ավետիսյանի խոսքով, ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական բացասական հետևանքներ ունի։

«Դեռևս 2020-ին աղքատության մակարդակի աճ է եղել, իսկ չափավոր աղքատության ցուցանիշը մոտեցել է 50 տոկոսի․ այլ կերպ ասած՝ 2020-ին ՀՀ բնակչության կեսի ամսական միջին եկամուտներն ավելի ցածր են եղել, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եկամուտները գներին համաչափ չեն աճել, և 2021-ին մեր հանրությունն էլ ավելի է աղքատացել։ 2021-ին 2020-ի համեմատած նվազագույն աշխատավարձը չի ավելացել, պետական ծառայողների բազային աշխատավարձերը, կենսաթոշակների, սոցիալական անապահովության նպաստների չափերը չեն ավելացել, իսկ միջին աշխատավարձն անհամեմատ ավելի փոքր չափով է ավելացել, քան գնաճը»,-ասաց նա։

Ավետիսյանն ընդգծեց՝ 2022-ին գնաճը շարունակվելու է, ինչը ամրագրված է նաև պետական բյուջեում՝ 5,5 տոկոս, սակայն, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ այդ տվյալը նշվել է, դեռ նախանշված չէր, որ էլեկտրաէներգիայի սակագինը ևս բարձրանալու է։ Այսինքն՝ գնաճը 5,5 տոկոսից ավելի է լինելու։

«Կյանքի որակը գնալով վատանալու է, և ամենամեծ հարվածն ստանալու են սոցիալապես խոցելի խմբերը։ Այսօր կենսաթոշակառուների և նպաստառուների թիվը շուրջ 585 հազար է, որոնցից շուրջ 485 հազարի նպաստը, թոշակը չի ավելացվելու 2022-ին այն դեպքում, երբ միայն 2021-ին նվազագույն սպառողական զամբյուղն աճել է 20 տոկոսով, և հաջորդ տարի էլ, մեր կանխատեսումներով, առնվազն 10-15 տոկոս աճ է լինելու։ Աշխատող աղքատների և աշխատանքային կենսաթոշակ ստացող բազմահազար քաղաքացիների թոշակները, նպաստները չեն ավելանալու ահագնացող գնաճի ֆոնին, ինչը հակասոցիալական մոտեցում է, և վստահաբար կարելի է պնդել, որ այսպես շարունակվելու դեպքում 2022-ին մեր քաղաքացիներն ավելի վատ կապրեն, քան 2021-ին»,-ասաց պատգամավորը՝ կարևորելով պետության դերակատարումը։

«Սոցիալական պետությունը առնվազն արձանագրված գնաճի չափով պետք է ավելացնի սոցիալապես խոցելի խմբերին վճարվող կենսաթոշակները, նպաստները։ Շատ կարևոր է, որ ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ իրական աշխատանքի միջոցով պետությունը խթանի կոնկրետ ներդրումային ծրագրեր, պետք է փոխվի կառավարման մասնագիտական որակն ու վերաբերմունքը։ Հանրային-պետական շահը որևէ կերպ չի հատվում այս իշխանական խմբակի շահին»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը