Քաղաքական

08.01.2022 14:53


Անընդունելի էր Ղազախստան հայ զինծառայողներ ուղարկելը․ Ագնեսա Խամոյան

Անընդունելի էր Ղազախստան հայ զինծառայողներ ուղարկելը․ Ագնեսա Խամոյան

Aravot.am-ի զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը.

–Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանն իրավունք չուներ իրեն նեղացած երիտասարդի պես պահել եւ Ղազախստանին ասել՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի։ Արմեն Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ պատմության մեջ երեւի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց տվել, թե ինչպե՞ս պետք է աշխատի եւ հույս է հայտնել, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից։ Իշխանության դիրքորոշումը պարզ է, իսկ ինչ է ի վերջո կարծում ընդդիմությունը՝ պետք է՞ր զորամիավորում ուղարկել Ղազախստան, թե՞ ոչ։

-Նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստանի իշխանություններին օգնելու մոլեռանդ պաշտպան Արմեն Գրիգորյանն այն նույն Արմեն Գրիգորյանն է, որը դեռ տարիներ առաջ, աշխատելով «սորոսական» հկ սեկտորում, խոսում էր Նազարբաեւի՝ ծերուկ լինելու մասին, եւ նույն ջանասիրությամբ հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է Ղազախստանը ձերբազատվի Նազարբաեւի միապետական ռեժիմից։ Սա զուտ հիշեցման կարգով, այստեղ կարող ենք հիշել նաեւ Նիկոլ Փաշինյանի տարատեսակ հայտարարությունները, երբ ընդդիմադիր ժամանակ ծաղրում էր ՀԱՊԿ-ին կամ իշխանափոխությունից հետո, երբ սկսեց վարկաբեկել այս կառույցը՝ կալանավորելով այդ ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին (Յուրի Խաչատուրովին-Ն.Գ․)։

Հիմա ավելի դիպվածային. փաստորեն, ըստ Արմեն Գրիգորյանի, ՀԱՊԿ մեխանիզմները աշխատող մեխանիզմներ են: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են դրանք աշխատում Ղազախստանի ներքաղաքական կյանքի համար եւ ոչ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Հայաստանը նույն այդ «գործուն մեխանիզմները» թեկուզ այսօր չի կիրառում Սեւ լիճ ներխուժած ադրբեջանցի զինծառայողներից տարածքը մաքրելու համար։ Երբ Արմեն Գրիգորյանն այնքան է անկեղծանում՝ խոստովանելով, որ հնարավոր ներքաղաքական սրման ժամանակ ՀԱՊԿ-ից ակնկալում են նույն օգնությունը Հայաստանին, ես կարո՞ղ եմ արձանագրել, որ ՀԱՊԿ «գործուն մեխանիզմները» լավ էլ հատուկ չեն պնդել ադրբեջանցիներին ՀՀ սուվերեն տարածքից դուրս շպրտելու համար, բայց փոխարենը գործի կդնեն բողոքի ակցիայի դուրս եկած սեփական քաղաքացիների դեմ։ Արմեն Գրիգորյանը շատ հստակ մեսիջ է տալիս ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանցիները հեչ, բայց որ ներքաղաքական իրավիճակը սրվի, դուք էլ մեզ պետք է օգնեք։

–Այսինքն, «Հայաստան» դաշինքը դե՞մ է, որ զորախումբ է ուղարկվել Ղազախստան։

-Մենք չենք կարող կողմ լինել, որ Հայաստանը, այն էլ, երբ ստանձնել է այդ կառույցի նախագահությունը, խոչընդոտեր դրա գործունեությանը։ Բայց մենք չենք կարող կողմ լինել Ղազախստան զորախումբ ուղարկելուն՝ հաշվի առնելով Ղազախստանի անթաքույց պաշտոնական պահվածքը 44-օրյա պատերազմի ժամանակ եւ նաեւ դրանից հետո։ Հիշենք միայն Ղազախստանի նախագահ Տոկաեւի շնորհավորանքը նոյեմբերի 9-ին՝ ուղղված Ալիեւին, այսպես կոչված, «հաղթանակի օրվա առթիվ»։ Դու, որ փողոցով եկել ես իշխանության, հիմա հայ զինվոր ես ուղարկում մի երկրի ներքաղաքական կյանքը կայունացնելու համար, ինչպես հիմնավորում ես՝ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այն դեպքում, երբ այդ երկրի ղեկավարը նոյեմբերի 9-ին Ալիեւին շնորհավորում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, ինքնիշխանություն ու պետականությունն ամրապնդելու համար»։ Արժանապատվության իսպառ բացակայություն: Եվ սա անում է մի մարդ, հիշեցնեմ, ով փողոցով է եկել իշխանության եւ ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսում էր, որ մեր դիվանագիտությունը եղել է կոշիկ լիզող։ Կոշիկ լիզելը երեւաց՝ որն է։

-Դուք նաեւ համեմատություն էիք անցկացրել Մարտի 1-ի հետ։ Կարծում եք, տեղի՞ն են այդ համեմատականները։

–Գիտեք, ես համոզված եմ, եթե նախագահ Քոչարյանը հապաղեր իր գործառույթների կատարման հարցում, իրավիճակը 2008 թվականին Հայաստանում շատ ավելի վատը կլիներ, քան այսօրվա Ղազախստանում է։ Երբ հարցնում եք՝ համեմատականները տեղի՞ն են, ես ուզում եմ ձեզ հարցնել՝ մարտի 1-ին չկա՞ր մեքենա այրող, խանութ թալանող, ոստիկան ծեծող ցուցարար, այն, ինչի ականատեսը լինում ենք այս օրերին Ղազախստանում։ Եթե 2008թ․-ին նախագահ Քոչարյանն առանց ՀԱՊԿ-ին դիմելու կարողացավ թույլ չտալ մեր ինքնիշխանության եւ պետականության կորուստ, ապա Ղազախստանի նախագահը միայն ՀԱՊԿ միջնորդությամբ հաջողեցրեց ուժերի բալանսում բեկում մտցնել։ Գիտեք, իսկապես սյուռ է. Մարտի 1-ի կազմակերպիչներից Նիկոլ Փաշինյանը 2008թ․-ին կոչ էր անում ոստիկանների դեմ պայքարել «ինչ ձեռքի տակ հայտնվի»-ով, հիմա մի ամբողջ զորախումբ է ուղարկում մեկ այլ երկիր, որ օգնեն ոստիկաններին ու ճնշեն ցուցարարներին։ Նիկոլ Փաշինյանը 2008թ․-ին եւ դրանից հետո մեղադրում էր նախագահ Քոչարյանին «բանակ ու տանկ ժողովրդի դեմ հանելու մեջ», իսկ հիմա ինքը, լինելով փողոցով եկած իշխանություն, զորք է հանում նույն ճանապարհով իշխանության գալու ձգտում ունեցող մարդկանց դեմ։ Ինչ խոսք, ճակատագիրը Նիկոլ Փաշինյանի դեպքում, ժլատ չի գտնվել։ Անդրե Բրետոն, վստահ, կնախանձեր նրան։

Մանրամասները՝ Aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը