Քաղաքական

08.01.2022 09:42


«Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, սա այդպիսի մարտավարություն է». ի՞նչ է կատարվում Ղազախստանում, և ինչո՞ւ է ՀՀ-ն զինծառայողներ ուղարկում այնտեղ

«Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, սա այդպիսի մարտավարություն է». ի՞նչ է կատարվում Ղազախստանում, և ինչո՞ւ է ՀՀ-ն զինծառայողներ ուղարկում այնտեղ

168.am-ի զրուցակիցն է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

–Պարոն Տրոֆիմչուկ, Ղազախստանը դարձավ հետսովետական հերթական երկիրը, որտեղ ներքին մի շարք օբյեկտիվ իրողությունների, խնդիրների և ներքաղաքական գործընթացների ֆոնին թեժ մասսայական փողոցային պրոցես սկսվեց: Կա՞ արդյոք աշխարհաքաղաքական կոնտեքստ այն ամենում, ինչ տեղի է ունենում Ղազախստանում: Ինչպե՞ս դիտարկել ղազախստանյան իրադարձությունները:

–Անխոս, այստեղ կա աշխարհաքաղաքական բաղադրիչ: Ինչպես ոչ մեկ անգամ եմ նշել, այդ թվում` հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում, Ռուսաստանի համար փորձում են խնդիրներ, ապագա պատերազմների էմբրիոններ ստեղծել, հրդեհել Ռուսաստանի շուրջբոլորը: Ներկայումս դա Կենտրոնական Ասիան է, որը, ինչպես ասում են, այդ իմաստով իր ժամին էր սպասում: Սա տարածաշրջան է, որը գտնվում է ծայրաստիճան անկայուն վիճակում` մի շարք պատճառներից ելնելով, որոնցից գլխավորն ու ամենադժվարինն աֆղանական խնդիրն է։ Շատերն ուրախ ծիծաղում էին ամերիկացիների վրա, որոնք «արագ փախան Աֆղանստանից», բայց ներկայումս՝ Ղազախստանում բռնկված անկայունությունից հետո, կարծում եմ` հումորն էապես կպակասի:

Այսպիսով, եթե նայենք ՌԴ շուրջբոլորը, պատկերը բավականին բարդ է ստացվում՝ հյուսիս-արևմտյան ուղղության վրա մշտական լարվածություն՝ Բալթյան երկրների հետ, Բելառուսը, որին Արևմուտքը շրջափակման մեջ է գցել և ուժեղացված պատժամիջոցների ռեժիմ սահմանել, Դոնբաս և Ուկրաինա, Ղարաբաղ, որտեղ դեռ ոչինչ ավարտված չէ (կարծում եմ, որ վերջին օրերի ընթացքում դա հասկացել են նաև շատ ադրբեջանցիներ), և ահա հսկայական Ղազախստանը, էլ չասած արդեն այդ ռեգիոնի այլ հանրապետությունների մասին: Հավաքածուն, ցավոք, ամբողջական է:

Հենց այս կոնտեքստում էլ պետք է դիտարկել Ղազախստանում տեղի ունեցողը: Եվ, կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է: Բասմաչի «էպոսը», որն առայժմ ռազմավարական ռեզերվում էր, այստեղ գործի կդրվի արդեն նոր ձևաչափով: Ուստի խոսել այս ուղղությամբ ինչ-որ հաղթանակների մասին, չնայած տակտիկական հաջողություններին և արձագանքներին, անտեղի է:

–Զարգացումների ինչպիսի՞ ելք եք ակնկալում: Եթե լինեն ռադիկալ փոփոխություններ, դա ի՞նչ կնշանակի Ռուսաստանի, հետսովետական ողջ տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի համար:

–Ռուսաստանի համար դա կնշանակի` անցյալ դարի 1980-ականների աֆղանական ձևաչափին մոտենալ, գրեթե մտնել այդ ձևաչափ: Արդեն հիմա շատ վերլուծաբաններ խոսում են ռուս-ղազախական սահմանի խնդրի մասին, որն իրականում ռազմատեխնիկական առումով չկա, բայց այն ձգվում է հազարավոր կիլոմետրերով: Սրանք արդեն հայ-ադրբեջանական քարտեզային խնդիրները չեն:

Ռուսաստանում կան մի շարք շրջաններ, որոնք իրենց մենթալիտետի պատճառով կարող են գաղափարական ճնշում զգալ անկայունության հարավային գոտիներից։ Մասնավորապես՝ Պովոլժիեն: Հայաստանն անխուսափելիորեն և ավտոմատ կերպով ընկնում է համընդհանուր քաոսացման գոտի, քանի որ գտնվում է ռուսական պերիմետրի առանցքային կետերից մեկում, Ռուսաստանի շուրջ ցանկապատում, որը փորձում են ամեն կողմից հրդեհել:

Ի դեպ, կարևոր հանգամանք հիշեցնեմ, որի մասին բոլորը մոռանում են․ Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, ուստի կարիք չկա խոսել այն մասին, որ իբրև թե ՌԴ-ն, ինչպես 1968 թվականի «Պրահյան գարնան» ժամանակ, իր տանկերն ինչ-որ տեղեր է մտցնում: Ուստի նման զորամիավորումների ներդրման հետ կապված սոցիալական խնդիրը չի վերանում, տեղի կոռումպացված պաշտոնյաները ոչ մի տեղ չեն վերանում, գները չեն ընկնում։ Նույնը ահաբեկիչների դեպքում է, որոնք շատ են այնտեղ, որտեղ շատ են գողացված գումարները։ Եվ այս ամենը շարունակվում է ընդմիշտ։ Ընդհանուր առմամբ ես սա անվանում եմ «ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլ» արդեն արյամբ ու պատերազմներով լիովին այլ մաշտաբի:

–Շատերը Հայաստանում կարծում են, որ Ղազախստանում տեղի ունեցողը շարունակությունն է մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների: Որքանո՞վ են տեղին նման կարծիքները:

–Նույնիսկ մասնագետները հաճախ չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը` կրկնելով ինչ-որ «գունավոր հեղափոխությունների» մասին։ Այստեղ վաղուց նման հեղափոխություններ չեն եղել, բայց կա ուղիղ ուժային, զինված ճնշում իշխանությունների վրա։ Հենց այդ պատճառով էլ նման խնդիրներ են՝ խնդիրը մշտապես բաց թողնելով, հարվածը ժամանակին չեն նկատում: Սրանք «ծաղիկներով փուչիկներ» և ուրախ ամբոխներ չեն, որոնք քայլում են փողոցներով, ինչպես տեսնում եք, սա բոլորովին այլ ձևաչափ է:

Եվ, ի դեպ, պետք է նկատի ունենալ, որ քանի դեռ մեր երկրներում կան, այսպես ասած, «ամենահաջողակ և ամենաանարդար գործարարները», այդ թվում՝ Forbes-ի ցուցակից, այս ամենը կշարունակվի ընդմիշտ։ Բնակչությունը երբեք չի համակերպվի այն փաստի հետ, որ իրենց ընդհանուր, նախկին խորհրդային գումարներն այնպես են բաշխվել, որ բնակչությունն ինքը ոչինչ չի ստացել։ Եվ հենց այս նույն «հաջողակները» հնարավորություն ունեն ահաբեկիչներ գնել, կամ էլ քաղաքական կախվածության մեջ են ընկնում իրենց գանձերի արևմտյան հսկիչներից՝ անելով այն, ինչ իրենց այնտեղից ասում են։

Հայաստանում չի եղել ոչ մի հեղափոխություն, քանի որ ոչինչ դեպի լավը չի փոխվել: Եվ ոչ միայն դեպի լավը, այլև ավելի վատ է դարձել, այդ թվում՝ ռազմաքաղաքական տեսանկյունից: Իսկ իրական հեղափոխական զորքերը, ինչպես մենք հիշում ենք պատմությունից, ընդհակառակը՝ սկսում են հեղափոխական ընդլայնում բոլոր ուղղություններով: Եվ արդեն առավել ևս ղազախստանյան իրադարձությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը, երևում է, ավելի քիչ է հիշելու այն մասին, թե ինչպես է եկել իշխանության: Ի վերջո, այնտեղ մենք տեսանք սահմանադրական կարգի դեմ պայքարի նմանատիպ մեթոդներ և Հայաստանի ողջ տարածքի ենթակառուցվածքները շրջափակելու փորձեր։

–Հայաստանում կտրուկ քննադատության արժանացավ որոշումը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան, և որքան էլ տարօրինակ է, այդ մասին հայտարարեց Փաշինյանը, որն իշխանությունը վերցրել է հեղափոխական ճանապարհով: Ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանը, որն այսօր էլ ունի բազում անվտանգային խնդիրներ և ում շահերը ՀԱՊԿ երկրների կողմից չեն ընկալվում, պետք է ուժեր ուղարկի Ղազախստանի ներքին իրավիճակի կայունացման համար: Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց մասնակցել սրան:

–Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այդ պատճառով էլ մտավ կոնտինգենտի կազմ, որն ուղարկվում է Ղազախստան: Փաշինյանը պարզապես չկարողացավ դեմարշի գնալ՝ հրաժարվելով կանոնադրական պարտականություններից: Առավել ևս՝ նման անկայուն ժամանակահատվածում: Ի դեպ, Երևանը, բնականաբար, հույս ունի, որ հաջորդ անգամ, երբ խնդիրներ ծագեն ադրբեջանական բանակի հետ, ՀԱՊԿ-ն այլևս չի կարողանա մերժել իրեն:

Կա ևս մեկ հանգամանք՝ Փաշինյանը հիմա ամեն ինչի պատրաստ է, բոլորի հետ համաձայն է, հիմա նրա համար տարբերություն չկա, սա այդպիսի մարտավարություն է: Այդ թվում՝ նա պատրաստ է ամեն ինչ ստորագրել՝ թշնամու հետ խաղաղության պայմանագրեր, թեկուզ Թուրքիայի հետ արձանագրություններ:

Բացի այդ, ինքնին Նիկոլ Վովաևիչին, ըստ երևույթին, ջերմացրել է նույնիսկ այն միտքը, որ հենց նա է որոշում կայացրել ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը Ղազախստան մտցնելու մասին։

Հենց այսպիսի տեսք ուներ այդ ամենը արտասահմանյան լրատվամիջոցներում՝ չնայած պարզ ձևականությանը։ Փաշինյանը՝ հրամանատար:

Հավանաբար, ինչ-որ տեղ խորքում նրան ջերմացնում է մեկ այլ միտք ևս:

Ի վերջո, ոչ վաղ անցյալում հենց նա Նազարբաևին հրապարակային հասկացրեց, որ նրա «բռնապետությունում» ամեն ինչ կարգին չէ, ի տարբերություն «հայկական ժողովրդավարության»։ Եվ ահա արդյունքը:

Եվ վերջապես, Հայաստանի համար կարևոր է, որ նոր իրադարձությունների պատճառով Ղարաբաղը կարծես թե անցել է երրորդ-հինգերորդ պլան։ Թեև սա ունի իր վտանգը, քանի որ Հայաստանի ընդդիմախոսներն ու հակառակորդները կարող են ակտիվացնել Ղարաբաղի հարցը, երբ թվում է, թե դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Առավել ևս, որ մենք տեսնում ենք բազմաթիվ շրջանակների բացահայտ դժգոհությունը «եղբայրական, թյուրքական Ղազախստանում» տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը