Տնտեսական

04.01.2022 20:17


Նոր տարին սկսում ենք նոր թանկացումներով

Նոր տարին սկսում ենք նոր թանկացումներով

Հունվարի 1-ից Հայաստանում գնաճի նոր ալիք է սկսվում, ընդ որում՝ ոչ թե միջազգային շուկայով պայմանավորված, այլ՝ ՀՀ կառավարության և ԱԺ ՔՊ-ական պատգամավորների համատեղ ջանքերի շնորհիվ՝ օրենսդրական փոփոխությունների պատճառով։

Հունվարի 1-ից հարկային օրենսդրության նոր կարգավորումներ են ուժի մեջ մտել, որոնք ազդեցություն են ունենալու քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։

Պարտադիր կուտակային կենսաթոշակների համար, օրինակ, աշխատավարձից վճարվող ամենամսյա գումարն այս տարի զգալի ավելանալու է․ եթե հունվարի 1-ից առաջ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները դրա 3,5 տոկոսն էին տալիս պարտադիր կուտակայինին, ապա հունվարի 1-ից տալու են 4,5 տոկոսը։

Այսուհետ 22%-ի փոխարեն եկամտահարկի դրույքաչափը կդառնա 21%, այսինքն, պարտադիր կուտակայինում 1 տոկոս կավելանա, այստեղ 1 տոկոս կպակասի։ Ընդ որում, հունվարից Հայաստանն անցնում է համահարթեցված եկամտահարկի, այսինքն, շատ ու քիչ եկամուտ ստացողները միևնույն չափով են հարկվելու։

Սրան գումարած՝ հունվարի 1-ից ջրի սակագինն է բարձրանում, փետրվարից՝ նաև հոսանքինը։ Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է շուրջ 5 դրամով։ Իսկ ջրինը՝ շատ ավելի կտրուկ՝ ավելի քան 20,74 դրամով։ Չի բացառվում նաև գազի թանկացում, այս առումով իշխանության՝ չթանկանալու խոստումները վստահություն չեն ներշնչում։

Սա էլ ամենը չէ․ հունվարի 1-ից կավելանան ապրանքների մերմուծման մաքսատուրքերը․ ներմուծվող թռչնամսի մաքսատուրքն, օրինակ, աճել է 30 տոկոսով, բրնձինն ու մարգարինինը` 2 տոկոսով, կարտոֆիլի և լոբու սերմերինը՝ 1 տոկոսով։ Բարձրացել են նաև թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի ու մետաղների մաքսատուրքերը՝ ոսկունը 3-6 տոկոսով, արծաթինը՝ 5 տոկոսով։ Այս տարվանից բարձրանում են նաև էթիլային սպիրտի, սպիրտային խմիչքների, ծխախոտի և մի շարք այլ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչը հանգեցնելու է դրանց վերջնական գների բարձրացմանը։

Սրան գումարենք, որ Հայաստանում միան նվազագույն թոշակն է աճել, այն էլ՝ 2 հազար դրամով։ Այսինքն, նույն աշխատավարձով առաջվա պես ապրել արդեն չի ստացվելու։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը