Քաղաքական

04.01.2022 20:08


2022թ․ Փաշինյանը կփորձի ուղիղ շփում ունենալ Էրդողանի հետ. Տարասով

2022թ․ Փաշինյանը կփորձի ուղիղ շփում ունենալ Էրդողանի հետ. Տարասով

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ 2021թ․ ընթացքում հարավկովկասյան «շախմատային պարտիան» շարունակվել է մեծ թափով, և ներկայումս «թագավորական գամբիտի» փուլում ենք:

Դա, ըստ նրա, այս տարի ևս շարունակվելու է, բոլոր խաղացողները ձգտելու են ամրապնդել իրենց տակտիկան, որը բոլոր խաղացողների դեպքում քիչ թե շատ նորմալ է, իսկ Հայաստանի դեպքում, մեղմ ասած, ոչ շահեկան:

Տարասովը գտնում է, որ նույնիսկ այս փուլում խաղը փոխելու հնարավորություններ կան, սակայն էական է, թե ով է դա անողը:

«Հայաստանի համար այս տարի առանցքային զարգացումները սպասվում են հայ-թուրքական բանակցային գործընթացից, քանի որ Թուրքիան այնպիսի խաղացող է տարածաշրջանում, որի հետ հարաբերությունների կարգավորումը կամ դրան մոտ գործընթացն էական ազդեցություն է ունենալու Հայաստանի համար` քաղաքական ու տնտեսական առումներով։ Արդյոք սա հաշվարկվո՞ւմ է Հայաստանում, կարծում եմ՝ ո՛չ:

Փաշինյանը ձգտելու է հանդիպել Էրդողանի հետ, ինչի փորձերն արել է 2021թ․ ընթացքում, և երևի թե այս տարի այդ փորձերը կհաջողեն, քանի որ բանագնացներն աշխատելու են Ղարաբաղյան գործընթացի նմանությամբ կազմակերպել բարձրաստիճան հանդիպում։ Սակայն, ի տարբերություն Ղարաբաղյան գործընթացի, հայ-թուրքականը երկարաձիգ չի լինելու, քանի որ, ինչպես երևում է, բոլոր հարցերում կա կոնսենսուս, քանի որ Թուրքիայի համար կարևոր բոլոր պայմանները հայկական կողմը վերացրել է:

Հայ-թուրքական երկխոսությունն այս տարի կլինի ՀՀ արտաքին քաղաքականության ամենածանր և կարևոր թեման»,-ասաց Տարասովը:

Նրա կարծիքով՝ ավելի պակաս էական կլինեն զարգացումները Ադրբեջանի հետ բանակցություններում, քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվում են ամենածանր և աշխարհաքաղաքական բնույթ ունեցող հարցից՝ Արցախի կարգավիճակի հարցից: «Զարգացումներն այս առնչությամբ գնալու են ամենականխատեսելի սցենարով, որի մասին ՀՀ իշխանությունները խոսում են բաց տեքստով: Ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ իրավիճակին, ապա, ինչպես նշեցի՝ պարտիան շարունակվում է, կոնֆիգուրացիաներն անընդհատ փոփոխվում են, ինչպես ադրբեջանաիրանական հարաբերությունները: Դինամիկան այս տարի նույնն է լինելու»,-նշեց նա:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը