Հինգ մատչելի ուտեստ. ի՞նչ են հայերը հնում պատրաստել Ամանորին
Հայաստանում, ինչպես և հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, ընդունված է դեկտեմբերի 31-ին ընդառաջ աղցաններ, խոզի ազդր պատրաստելն ու բլիթներ փաթաթելը։ Սակայն դա հայկական ավանդույթների տեսանկյունից արդարացված չէ։ Հնում նախապատվություն էին տալիս հացահատիկից և լոբազգիներից պատրաստված կերակրատեսակներին։
Այն ժամանակ մեծամասնությունը սրբորեն պահպանում էր նախասուրբծննդյան պասը, որը սկսվում էր դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ին` Սուրբ ծնունդի նախօրեին։
Այսօր հավատացյալների թիվը կրճատվել է, սակայն հատկապես համավարակի ֆոնին և պատերազմից հետո մսային ճաշատեսակներից առատ սեղան բացել ամեն մեկը չէ, որ կարող է իրեն թույլ տալ։ Դրա վրա ազդում են նաև գնաճի բարձր մակարդակը, համաշխարհային շուկայում և Հայաստանում թանկացած ապրանքները, ինչպես նաև երկրում առկա 30% աղքատության շեմը։ Միևնույն ժամանակ, սեղանը տոնական զարդարել բոլորն են ցանկանում։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ ՄամուլյանըSputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց ավանդաբար պատրաստվող և տոնական ճաշացանկի համար հիանալի տարբերակ հանդիսացող ամանորյա 5 ուտեստների մատչելի բաղադրատոմսեր։
Կաղանդանուշ
Կաղանդանուշ կարելի է պատրաստել, եթե ուզում եք ինքներդ ձեզ «երես տալ» քաղցրով կամ զարմացնել հյուրերին։ Բացի այդ, այս ուտեստը շատ օգտակար է. այն երկու բաղադրիչ է պարունակում` մեղր, որը բնական հակաբորբոքային միջոց է, և ընկույզ։ Մեղրը հարում ենք մինչև սպիտակ գույն ստանալը, ընկույզը մաքրում և տապակում։ Այս ամբողջը խառնում ենք և գնդիկներ պատրաստում։ Մատուցում ենք որպես ավանդական ամանորյա աղանդեր։ Հնում այս աղանդերը տոնական սեղանի անբաժանելի մաս է եղել։ Մեր նախնիները համարել են, որ այն պատրաստելով` գալիք տարին բարեբեր կլինի։
Քաշիկա
Քաշիկան ավանդական ճաշատեսակ է` Հարիսայի «նախատիպը», որը հնում մեր նախնիները պատրաստում էին Ամանորին։ Այն պատրաստել կարող է յուրաքանչյուրը, քանի որ այս ուտեստի հիմնական բաղադրիչը ձավարն է և ձեռքի տակ եղած ցանկացած կանաչեղենը։ Մամուլյանը նշեց, որ Քաշիկան չեն խառնում։ Հնում հավատում էին, որ տոնական ուտեստների պատրաստման ընթացքում բաղադրիչները չի կարելի խառնել շերեփով կամ այլ խոհանոցային առարկայով, որպեսզի գալիք տարին քաոսային չլինի։ Բոլոր բաղադրիչները շերտերով դասավորում են կճուճի մեջ, որն այնուհետև իջեցնում էին թոնիրն ու ամբողջ գիշեր եփում։ Այսօր այն կարելի է պատրաստել ջեռոցում։
Տարեհաց
Ամանորյա սեղանին պարտադիր դրվում էր նաև միջինքով քաղցր հացը` «տարեհացը», որի մեջ մետաղադրամ էին դնում։ Համարվում էր, որ ում բաժին կհասնի մետաղադրամը, նրա համար տարին հաջող կլինի։ Միևնույն ժամանակ, «Տարեհացով» հյուրասիրում էին ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև կենդանիներին։ Մամուլյանը նշում է, որ նախկինում մարդիկ շատ ուշադիր են եղել կենդանիների նկատմամբ, քանի որ կենդանիները մի ամբողջ ընտանիք էին կերակրում։
«Տարեհաց» պատրաստելու համար անհրաժեշտ է ալյուրը խառնել մածունի հետ, ավելացնել մի փոքր շաքարավազ, աղ և սոդա։ Խմորի մեջ մետաղադրամ են դնում և թխում։
Կճեխաշ
Մատչելի ուտեստ է համարվում նաև կճեխաշը (կճուճում եփած ապուր)։ Այն լոբազգիներից պատրաստված ուտեստ է։ Վերցնում էին կճուճը, մեջը լցնում ձեռքի տակ եղած ամեն ինչ։ Լոբին, սիսեռը, ձավարը խառնում էին, աղ ավելացնում և Ամանորի գիշերը դնում թոնրի մեջ, իսկ առավոտյան մատուցում տապակած սոխի կամ յուղի հետ:
Վանա Մշոշ
Այս ուտեստը մեծ տարածում ուներ Վանի հայերի շրջանում, այդ պատճառով էլ այն ստացել է «Վանի Մշոշ» անվանումը։ Բաղադրատոմսը պահպանվել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցների շնորհիվ։
Այն ոչ միայն մատչելի է, այլև հեշտ է պատրաստվում։ Նախ տապակում ենք սոխը մինչև կարմրելը, այնուհետև ավելացնում նախապես ջրի մեջ թողած ոսպը։ Եփած ոսպին ավելացնում ենք չրեր, ընդեղեն, համեմունքներ և կանաչի` ըստ ցանկության։
Այս բաղադրատոմսը ևս հարմար է նրանց համար, ովքեր պաս են պահում, սակայն ցանկանում են որևէ համեղ բան համտեսել։
Հինգ մատչելի ուտեստ. ի՞նչ են հայերը հնում պատրաստել Ամանորին
Կաղանդանուշ
Քաշիկա
Տարեհաց
Կճեխաշ
Վանա Մշոշ