Մեկնաբանություն

31.12.2021 14:18


Լռությունը համաձայնության նշան է

Լռությունը համաձայնության նշան է

Նիկոլ Փաշինյանը որդեգրել է «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Նա հանդես է գալիս 88–ի Ղարաբաղյան շարժման, ՀՀ անկախության դեմ։

Նիկոլի այս վարքագիծն արժանանում է քննադատության և՛ Արցախից, և՛ Հայաստանից, և՛ սփյուռքից։ Քանզի հնարավոր չէ դեմ չգնալ բացահայտ հանցագործությանը, թուրքամետ քայլերին, պետական հանցագործությանը։

Կա քննադատություն, բայց կա նաև լռություն, որը ոչ պակաս քննադատելի է ու հակապետական, որքան Նիկոլի արածները։

Նիկոլի ասածների պահով լուռ են առաջին հայացքից գաղափարապես իրարից խիստ տարբերվող շրջանակները։ Մեկը պայմանական քիրվայականներն են՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, մյուսը՝ ծովից ծով պահանջող «ծռերը»՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։

Քիրվայական ու ծովիցծովական լռություն

Լևոն Տեր–Պետրոսյանը Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ, ապա նաև ՀՀ 1–ին նախագահ դարձավ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա։ Ալիք, որի կարգախոսներն էին «Միացումը» և «Պայքար, պայքար մինչև վերջը»։

«Միացում» ասելով նկատի ունեին Հայաստանի ու Արցախի միավորումը։ Մինչև վերջ էլ խոստանում էին պայքարել հենց այդ միավորմանը հասնելու նպատակով։

Նախագահ դառնալուն պես Տեր–Պետրոսյանը «մոռացավ» այդ կարգախոսների մասին՝ քաղաքականությունը դարձնելով անբարոյական։ Նա 1992–ից սկսած որդեգրեց Արցախն Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ թողնելու քաղաքականությունը։ «Կոմսոմոլսկայա Պրավդային» տված հարցազրույցում նա այդ մասին բացահայտ էր խոսում։ Հետո նրա այդ մոտեցումը վերածվեց հակամարտության կարգավորման փուլային տարբերակի։

ՀՀ 1–ին նախագահի գլխավոր խորհրդական տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանն ափսոսանքով է նշում, որ իրենք 1997–ին կորցրեցին Ադրբեջանի կազմում Ղարաբաղի մշակութային ինքնավարություն ստանալու հնարավորությունը։

Թեև 1998–ի իշխանափոխությունն ու դրան հաջորդած գործընթացները միջազգային օրակարգ բերեցին Արցախի ինքնորոշման իրավունքն Ադրբեջանի կազմից դուրս ապահովելու հարցը, Տեր–Պետրոսյանը մնաց իր կարծիքին։

2008–ի նախագահական ընտրություններում 1–ին նախագահը քարոզում էր իր սերգոջանային գաղափարները։ Այդ գաղափարներին աջակցում էին Նիկոլ Փաշինյանը (վարչապետ դառնալուն պես նա կյանքի կոչեց քիրվայական գաղափարները) և իրեն ծովից ծով Հայաստանի պահանջատեր ներկայացնող, Արաքսից մինչև Քուր Արցախ քարոզող Ժիրայր Սեֆիլյանը։ Վերջինս նույնպես հիմա լուռ է և չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի ասածներին։ Մինչդեռ 2016–ին երբ »ծռերը» գրավում էին ՊՊԾ գունդը, դա հիմնավորում էին, այսպես կոչված, Լավրովի պլանը խափանելու ցանկությամբ։

Նիկոլը այնպես է հարվածել Արցախին ու Հայաստանին, որ այդ «պլանը» հիմա երանելի է թվում, սակայն Սեֆիլյանն ու իր ընկերները լուռ են։ Իրենք ձևականորեն հանրահավաքներ են անում, բայց լրիվ ուրիշ օրակարգով։ Այնինչ ծովից ծով պահանջող ուժը պետք է որ շատ կոշտ արձագանքեր թուրք–ադրբեջանական նախապայմանները բավարարող Նիկոլ Փաշինյանի քայլերին։

Ձևականորեն տարբեր դաշտերում գտնվող Տեր–Պետրոսյանն ու Սեֆիլյանը լուռ են Նիկոլի պահով։ Սա այն դեպքն է, երբ լռությունը, իրոք, համաձայնության նշան է։ Լռությունն այս դեպքում այնքան աղմկոտ է, որ բառերն ավելորդ են դառնում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը