Քաղաքական

29.12.2021 18:11


Արցախի մոլորված քաղաքացին, ով հայտնվել էր Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է. ՄԻՊ

Արցախի մոլորված քաղաքացին, ով հայտնվել էր Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է. ՄԻՊ

Արցախի Հանրապետության բնակիչ Արմեն Վերդյանը, ով դեկտեմբերի 29-ին մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։ Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,-նշել է Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 29.12.2021թ.-ի առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Արմեն Աբրիկի Վերդյանը։ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 29-ին՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել էր ռուս խաղաղապահներին:

Այս խորագրի վերջին նյութերը