Աշխարհ

29.12.2021 21:53


Գիտնականները վերակառուցել են փարավոն Ամենհոտեպ I-ի պատկերը ըստ նրա մումիայի

Գիտնականները վերակառուցել են փարավոն Ամենհոտեպ I-ի պատկերը ըստ նրա մումիայի

Ֆիզիկոսների և հնագետների միջազգային թիմն առաջին անգամ ուսումնասիրել է փարավոն Ամենհոտեպ I-ի մումիան համակարգչային տոմոգրաֆի միջոցով, որն օգնել է հաստատել մումիայի իսկությունը և վերականգնել Հին Եգիպտոսի այս տիրակալի պատկերը: Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Frontiers in Medicine գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում։

«Մենք օգտագործել ենք ժամանակակից տեխնոլոգիաներ՝ գործնականում ուսումնասիրելու փարավոնի արտաքին տեսքը: Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ Ամենհոտեպ I-ը մահացել է մոտավորապես 35 տարեկանում։ Նրա հասակը 169 սանտիմետր էր, սակայն նա ուներ լավ ատամներ, իսկ մարմինը զարդարված էր 30 ամուլետներով և եզակի ոսկե գոտիով»,-ասել է Կահիրեի համալսարանի պրոֆեսոր Սահար Սալիմը։

Ամենհոտեպ I-ի մումիան հայտնաբերվել է դեռևս 1881 թվականին ֆրանսիացի հնագետների կողմից Եգիպտոսի հարավում գտնվող Դեյր ալ-Բահարի գերեզմանատանը: Նրա սարկոֆագը, ծածկոցը և այլ բաղադրիչներ պահպանվել են մինչ օրս գրեթե օրիգինալ տեսքով, որը պաշտպանում էր XVIII դինաստիայի երկրորդ փարավոնի մումիան բացվելուց և ոչնչացվելուց: Նրա հայտնաբերումը մեծ հակասություններ է առաջացրել հնագետների շրջանում:

«Մեր ստացած պատկերները ցույց են տալիս, որ մումիֆիկացված երիտասարդն իր արտաքին տեսքով շատ նման էր փարավոն Յահմոս I-ին: Նա, ինչպես իր հայրը, ուներ նեղ կզակ, սուր քիթ, գանգուր մազեր և վերին ծնոտի վրա մի փոքր դուրս ցցված ատամներ: Մենք որևէ ապացույց չենք գտել, որ նա մահացել է բռնի մահով»,-ասել է Սալիմը:

Գիտնականները բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերել փարավոնի մարմնի վրա, որոնք հասցվել են նրա մումիֆիկացիայից հետո։ Ինչպես ենթադրում են ֆիզիկոսներն ու եգիպտագետները, Ամենհոտեպ I-ի մումիան պղծվել է հնագույն դամբարան կողոպտողների կողմից, ինչը, ենթադրաբար, դրդել է XXI դինաստիայի քահանաներին մեծ ջանքեր գործադրել՝ վերականգնելու փարավոնի սկզբնական տեսքը:

Մասնավորապես, քահանաները կպչուն վիրակապով կապել են փարավոնի գլուխը նրա պարանոցին, ձեռքերը վերադարձրել իրենց սկզբնական դիրքին, ինչպես նաև ամուլետներով ու վիրակապով ծածկել մարմնի վնասված հատվածները։ Սա ցույց է տալիս, որ ավելի ուշ դարաշրջանների կառավարիչները և կրոնական առաջնորդները հարգում էին Ամենհոտեպ I-ին, ինչը կասկած է առաջացնում որոշ պատմաբանների մոտ, ովքեր հղում են անում նրա գահակալության մասին գրավոր վկայությունների քիչ թվին:

Այս խորագրի վերջին նյութերը