Տնտեսական

29.12.2021 09:42


Արտառոց երևույթ․ փողը քնել է բանկերում

Արտառոց երևույթ․ փողը քնել է բանկերում

Հայաստանի ֆինանսական համակարգում այս տարի արտառոց երևույթ է նկատվում. ավանդների տեսքով բանկերում պահվող գումարներն ավելացել են, իսկ վարկերի տեսքով դուրս եկող գումարները՝ նվազել։ Արդյունքում՝ ավանդները գերազանցել են վարկերին։

Սա արտառոց է նրանով, որ սովորաբար հակառակն է լինում։ Բանկերը ֆինանսական միջոցներ են ներգրավում, այդ թվում՝ ավանդների տեսքով, որպեսզի վարկեր տրամադրեն։ Միջոցներ ներգրավել են, բայց վարկեր չեն տրամադրել։ Փողը քնել է բանկերում, փոխարենը մտներ տնտեսության մեջ։

Թե ինչո՞ւ է այդպես, պատճառները տարբեր են։ Բայց մինչ դրանց անդրադառնալը, ներկայացնենք որոշ վիճակագրական տվյալներ։

Բանկերում պահվող ավանդները, վերջին տվյալներով, կազմել են 3 տրիլիոն 895 մլրդ դրամ։ Այն 23 միլիարդով գերազանցում է բանկերի վարկային պորտֆելը։

Բանկային ավանդները վերջին 1 տարվա ընթացքում ավելացել են 397 մլրդ դրամով։ Մինչդեռ՝ վարկային շուկայում հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ վարկերը ոչ միայն չեն ավելացել, այլ բավականաչափ մեծ տեմպերով նվազել են։

Անցած տարվա հոկտեմբերին բանկերի վարկային պորտֆելը մոտեցել էր 4,1 տրիլիոնի։ Այս տարվա նույն ամսին կազմել է 3 տրիլիոն 872 միլիարդ։ Մեկ տարվա ընթացքում այն հասցրել է նվազել 211 մլրդ դրամով։

Ավանդներն ավելացել են 397 միլիարդով, վարկերը նվազել են 211 միլիարդով։

Կտրուկ կրճատվել են հատկապես տարադրամային վարկերը։ Եթե անցած տարի դրանք անցնում էին 1,9 տրիլիոնից, այս տարի 1,6 տրիլիոնի սահմաններում են։

Թե ինչո՞ւ է կրճատվել բանկերի վարկային պորտֆելը, պետք է փնտրել այն միջավայրում, որի մեջ հայտնվել ենք։ Ընկել է վարկունակությունը, ինչն էլ բերել է վարկային ներարկումների և, ոչ միայն՝ վարկային ներարկումների նվազման։

Այս խորագրի վերջին նյութերը