Քաղաքական

27.12.2021 08:13


Փաշինյանը մերժեց արժանապատիվ խաղաղության մոդելը` տապալելով բանակցությունները. Մաթևոսյան

Փաշինյանը մերժեց արժանապատիվ խաղաղության մոդելը` տապալելով բանակցությունները. Մաթևոսյան

Նիկոլ Փաշինյանն իրականում ներկայացրեց Մադրիդյան սկզբունքների բացվածքը, Sputnik Արմենիայի եթերում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այսպես մեկնաբանեց ՀՀ վարչապետի` ասուլիսին հնչեցրած մտքերը։ Նրա խոսքով`եթե ավելի խորը նայենք, ապա միջազգային հանրությունն ընդունում էր, որ Հարավային Կովկասում պետք է լիներ նոր տարածքային պետական միավոր` հայկական պետականություն։

«Մադրիդյան հայտնի սկզբունքների համաձայն` հայկական կողմը պետք է դուրս գար հինգ շրջաններից, ինչից հետո լինելու էր հանրաքվե, այնուհետև հայկական զորքերը դուրս էին գալու Լաչինից ու Քելբաջարից, որտեղ տեղակայվելու էին միջազգային խաղաղապահներ։ Իսկ հանրաքվեից հետո տարածաշրջանում ստեղծվելու էր երկրորդ հայկական միավորը, որի շրջանակներում այնտեղ վերադարձած ադրբեջանցիները կլինեին ազգային փոքրամասնություն»,–հիշեցրեց քաղաքագետը։

Մաթևոսյանի գնահատմամբ` դա ըստ էության արժանապատիվ խաղաղության մոդելն էր, որը մերժեց Նիկոլ Փաշինյանը` տապալելով բանակցային գործընթացը։ Փաշինյանը դեկտեմբերի 24–ի ասուլիսում հերքեց այն ամենը, ինչ ասել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր հասարակությանը։ Քաղաքագետի կարծիքով` ՀՀ վարչապետն այն թեզն է առաջ տանում, ըստ որի` մենք անխուսափելիորեն պետք է ճանաչենք Արցախը որպես Ադրբեջանի անքակտելի մաս` վկայակոչելով նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որում ամրագրված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Հիմա ի՞նչ է ստացվում, փաստորեն ռուս խաղաղպահնե՞րն են խանգարում, որ Արցախը դառնա Ադրբեջանի անբաժանելի մաս։ Փաշինյանի պատկերացումները բոլորիս համար պարզ են, երբեք գաղտնիք չեն եղել, պարզապես այսպիսի մեկնաբանություններով ամեն ինչ ավելի ընդգրկուն բացվածք է ստանում»,–նշեց քաղաքագետը։

Մաթևոսյանի դիտարկմամբ` Ռուսաստանը շահագրգռված է առնվազն նրանում, որ իր խաղաղապահ առաքելության ներքո գտնվող տարածքում հայկական էթնոքաղաքական տարրը մնա, քանզի գիտակցում է, որ եթե Հարավային Կովկասում գնա ֆունդամենտալ զիջումների` ի հաշիվ ռազմավարական դաշնակից Հայաստանի, դրանով ավելի կուժեղանա Թուրքիայի ազդեցությունը, և թուրք զինվորականները մի օր կարող են հայտնվել նաև Հյուսիսային Կովկասում։

Քաղաքագետի խոսքով` եթե Հայաստանում իշխանությունը չփոխվի, ապա չորս տարի անց կհայտնվենք մի իրավիճակում, երբ կարող է առաջանալ խաղաղապահների մանդատը չերկարաձգելու հարց, ինչը կհանգեցնի Արցախի հայ ազգաբնակչության արտագաղթի և կստանանք նոր Նախիջևան։ Հետևաբար` միայն որակական իշխանափոխությունից հետո կարող ենք խոսել Արցախի հայապահպան ու հայանպաստ ծրագրերի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը