Մեկնաբանություն

26.12.2021 14:54


Դրածո Մելիքբեկյանի համար ամեն ինչ «ցենտրա»՝ Նիկոլի պես

Դրածո Մելիքբեկյանի համար ամեն ինչ «ցենտրա»՝ Նիկոլի պես

ՀՖՖ nախագահ նշանակված Արմեն Մելիքբեկյանը տարեվերջյան ասուլիս տվեց, թեև պետք է երես չունենար։

Դա ասուլիս էր, որին ներկա էին միայն ՀՖՖ հովանու տակ աշխատող լրագրողները: Նախ, աննախադեպ էր լրատվամիջոցների հավատարմագրման ժամանակացույցը: Ընդամենը 24 ժամ տրվեց հավատարմագրվելու համար։ Բացի այդ՝ այնպիսի չափորոշիչներ դրվեցին, որ այդ «անցքի միջով» անցան միայն ցանկալի լրատվամիջոցները:

Եթե դիտել եք ասուլիսը, ապա կհամաձայնեք, որ Արմեն Մելիքբեկյանին տրվեցին միայն իր համար հաճելի հարցեր, ո՛չ սուր, ո՛չ պահանջկոտ, ո՛չ խիստ: Դրանց պատասխանելով նա կարողացավ հանգիստ հեռանալ ասուլիսի սրահից, սակայն խնդիրները չլուծվեցին:

Հավաքականի տխրահռչակ ելույթները նա վատ չգնահատեց: Մանիպուլյացիայի ենթարկելով նախկինում իր իսկ տված խոստումները՝ նա ուղենիշը փոխեց դեպի ԵՎՐՈ-2024: Հիմա, ժողովուրդ ջան, սպասեք հաջորդ մրցափուլին, դիմացեք, հետո կգա օրը, և քանի որ այս անտաղանդ և դեմագոգ ՀՖՖ ղեկավարները չեն կարող հաղթել, կասեք, որ մոտ էինք ԵՎՐՈ-ի ուղեգրին, բայց մի 7-10 միավոր չհերիքեց։ Հետո անհաջողությունը կբարդեն նախկինների վրա:

Դրածո Մելիքբեկյանը ձախողում համարեց միայն տղամարդկանց Ս-17 տարեկան հավաքականի ելույթը: Այսինքն մնացածը «ցենտրա»՝ լավա:

Փաստորեն, Ս-21 վերջին տեղում են 3 միավորով՝ «ցենտրա», Ազգային գլխավոր հավաքականը նույնիսկ Լիխտենշտայնին չի հաղթում ու տանը Մակեդոնիայից առատ գոլեր ենք «ուտում»՝ «ցենտրա», աղջիկները մինուս անվերջություն ցուցանիշով են ՝ «ցենտրա»: Մելիքբեկյանի համար ամեն ինչ «ցենտրա», բացի U–17–ից։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ․․․

Մրցավարության մասին խոսեց Մելիքբեկյանը և գնահատեց դրական: Դե բնական է, եթե իրենց զակազները 100 տոկոսով անում են՝ բացասական չի լինի: Այնուհետև նոր խայտառակ միտք հայտնեց՝ իրենք քննարկում են անգամ այն խաղային դրվագները, որոնք ակումբները նույնիսկ չեն տեսնում, որ սխալներ կան, իսկ այն սխալները, որոնք տեսնում են ակումբների ներկայացուցիչները, դրանք սխալներ չեն: Փայլուն միտք, որը թարգմանաբար նշանակում է հետևյալը՝ ինչպես պետք է, այնպես էլ անում ենք: Նման է չէ՞ նիկոլական «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»–ին: Արդյունքը սարսափելի է։

«Ասուլիսին» Մելիքբեկյանն անդրադարձավ իր համար կարևոր այլ հարցերի՝ ֆուտբոլային փառատոնների անցկացմանը, սիրողական, դպրոցական առաջնություններին, ՎԱՌ համակարգի տեղադրման հեռանկարին, մի քիչ էլ խոսեց ՀՀ առաջնությունից:

Մելիքբեկյանը չթաքցրեց իր համակրանքը Նորավանք, ԲԿՄԱ և Վան ակումբների նկատմամբ: Նշեց, որ լայն աջակցություն են ցուցաբերում, նույնիսկ արտոնագրման հարցերում: Բայց ինչո՞ւ ՀՖՖ-ն չցանկացավ աջակցել այն ժամանակ ՀՀ առաջնության մասնակից Գանձասար-Կապանին, Լոռիին, Սևանին՝ անհասկանալի էր, ավելի ճիշտ լավ էլ հասկանալի էր: Մելիքբեկյանը մեղադրեց այս ակումբների ղեկավարներին, բայց «միամտորեն» նշեց, որ իրենք շատ գործիքներ ունեն և լայն համագործակցում են ՀԻՄԱ ՀՀ առաջնության մասնակից բոլոր թիմերի հետ: Այսինքն, տվյալ պահին բոլոր թիմերը կառավարելի են: Էլ ի՞նչ է պետք Արմենչիկին՝ երբեմնի ցածրակարգ հաղորդավարին ու թուրքամետ կայքի խմբագրին:

Եթե ասուլիսին ներկա լինեին ՀՖՖ–ի կողմից ոչ կառավարելի և ֆուտբոլի բանիմաց լրագրողներ, հաստատ կտային հետևյալ հարցերը:

1. Ինչո՞ւ է ՀՖՖ-ն այդքան մեծ գումարով պահում Խոակին Կապառոսին, երբ միևնույն է արդյունքը չի բավարարելու ֆուտբոլասերին և նույնիսկ իրենց: Մոտ 1,5 միլիոն դոլարի պայմանագրում կոռուպցիոն ռիսկեր կա՞ն:

2. Ինչո՞ւ եք հայ ֆուտբոլիստների պարտադիր քանակ մտցնում ՀՀ առաջնության խաղերի ժամանակ, երբ ձեր աչքը անընդհատ դրսի կասկածելի հայկական ծագումով ֆուտբոլիստներն են և տեղում հանդես եկող օտարազգի ֆուտբոլիստներին քաղաքացիություն տալը:

3. Ինչո՞ւ ՀՖՖ-ն չփորձեց բանակցությունների միջոցով փրկել Գանձասար-Կապանին, Լոռիին և Սևանին, բայց պատրաստ է աջակցել վերջին երեք հորիզոնականները զբաղեցնող անհասկանալի նպատակներ հետապնդող թիմերին: Համեմատության համար ասենք, որ 4-րդ տեղով ընթացող Սևանը իր անցկացրած 13 խաղում վաստակել էր 20 միավոր, իսկ Նորավանքը, Վանը և ԲԿՄԱ-ն այսօրվա դրությամբ միասին անցկացրած 45 խաղում՝ միայն 26 միավոր:

4. Ինչո՞ւ հարց չտրվեց Լոկոմոտիվ ակումբի մասին, որին ՀՖՖ-ն անհիմն մեղադրեց պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ և զրկեց բարձրագույն խմբի ուղեգրից՝ այն նվիրելով հենց Վանին, իսկ հետո այդ հիմար որոշման համար պարտվեց Լոզանի Արբիտրաժային Դատարանում և ըստ լուրերի՝ մոտ 3 միլիոն դոլար փոխհատուցում պետք է տա Լոկոմոտիվին: Բայց անհասկանալի և կասկածելի լռություն է տիրում: Իհարկե պարզ է, որ ներկա լրագրողներին ուղորդել էին նման հարցեր չտալ: Տոտալիտար ռեժիմը կառավարում է նաև ֆուտբոլը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը