Լրահոս

25.12.2021 17:12


Դահիճիդ հետ ինչի՞ մասին ես բանակցելու, երբ նրա գոյությունն անգամ քո կյանքի սպառնալիքն է. Տավուշի թեմի առաջնորդ

Դահիճիդ հետ ինչի՞ մասին ես բանակցելու, երբ նրա գոյությունն անգամ քո կյանքի սպառնալիքն է. Տավուշի թեմի առաջնորդ

Մեզ համար անհասկանալի և անընդունելի է Աշոտ Մինասյանի՝ կալանքի տակ մնալու պարագան, հասկանալի չեն նաև դրա պատճառները. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` անդրադառնալով Աշոտ Մինասյանի դեմ քրեական գործին:

Նշենք, որ դատախազությունը մերժել է անձնական երաշխավորների` Աշոտ Մինասյանի կալանքը փոխելու վերաբերյալ դիմումը։

Ըստ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի` դատախազությունն անգամ հաշվի չի առել այն, որ անձնական երաշխավորություն էր տրված մարդկանց կողմից, որոնք անձնապես հանձն էին առել, որ որևէ տեսակի խախտում չի կարող լինել, եթե Աշոտ Մինասյանը գտնվի ազատության մեջ։

Հարցին` Աշոտ Մինասյանի դեմ քրեական գործը քաղաքական հետապնդո՞ւմ է, սրբազանը պատասխանեց. «Այո՛, էլ ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել, որ մարդուն կալանքի տակ պահեն։ Ես դեմ չեմ, որպեսզի իրավական գործընթացներ լինեն, եթե հանցակազմ կա, մեղադրանք կա, այսինքն` տեղի ունենան գործընթացներ, որոնք կծառայեն արդարադատությանը։ Եվ եթե փաստերը տանում են նրան, որ անձը մեղադրյալ է, բնականաբար, պետք է ստանա պատժի այն չափաբաժինը, ինչ հանցանք որ գործել է։ Աշոտ Մինասյանի դեպքում պատկերն այլ է. մարդուն առանց որևէ հիմնավորման կալանքի տակ պահել` նշանակում է զրկել ազատությունից»:

Թեմակալ առաջնորդի խոսքով` անցնող մեկ տարին Աշոտ Մինասյանը լծված է եղել հայրենիքի պաշտպանությանը, հատկապես` Սյունիքի պարագայում։

«Ես անձնապես գիտեմ, որ անվտանգության տարբեր մարմինների խնդրել է, որպեսզի իրավունք տրվի իր ջոկատով աջակից լինելու մեր բանակին, տեղի երկրապահներին, իրենք ևս մասնակցեն պաշտպանական գործողություններին։ Նույնիսկ մեղադրանք առաջադրված պարագային, իր հայրենիքն ու պետականությունը մտքին ունենալով, իր արժանապատվության գիտակցումով, Արցախյան առաջին ազատամարտի օրերից որպես լեգենդար հրամանատար լծվել է հայրենիքի պաշտպանությանը, իսկ հիմա գտնվում է անազատության մեջ»,-ասաց սրբազանը։

Անդրադառնալով այս օրերին հայ ժողովրդին հուզող խնդիրներից մեկին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նա ասաց, որ խոցված վիճակում մենք չենք կարող լինել թելադրող որևէ տեսակի հարաբերությունների մեջ, չենք կարող մեր պայմաններն առաջադրել. մենք պարտված, խոցված, քայքայված վիճակում ենք` այս իմաստով:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին 30 տարի է, ինչ խոսվում է։ Եվ տարբեր ձևերով փորձեր է արվել այդ հարաբերությունները ճշգրտելու։ Երևույթը, որպես այդպիսին, վատ երևույթ չէ, քանի որ հարևաններ ենք և, ի վերջո, այս տարածաշրջանում ենք ապրում։ Հարցն այն է, թե ինչպիսի՞ զգեստավորմամբ ես գնում դու այդ հանդիպմանը, ինչպիսի՞ հանգամանքներով, վիճակով, պատրաստվածությամբ։ Ի՞նչ ուժ և կարգավիճակ ունես, ի՞նչ հաղթաթուղթ ունես։ Մենք այս բոլորը, ցավոք, չունենք»,-փաստեց Տավուշի թեմի առաջնորդը։

Ըստ նրա՝ պատերազմի հետևանքները նախ ինքներս մեր մեջ պետք է վերացնենք, վերականգնումի ճանապարհը բռնենք, հետո նոր որոշենք` ո՞ւմ հետ ենք հարաբերություններ հաստատում, իսկ ում հետ` ոչ:

«Ներքին կյանքն է մեր խառնված և փոթորկված, իսկ մենք խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին, բայց ներքին հարաբերություն չկա ընդհանրապես։ Մենք խնդիրներ ունենք, Արցախի հարց ունենք, որը փորձում են մոռացնել տալ, ցեղասպանության հարց ունենք, մոռացել ենք դրանց մասին։ Հիմա հարց է առաջանում` դահիճիդ հետ գնում ես բանակցելու, ինչի՞ մասին ես բանակցելու, երբ գիտես, որ նրա գոյությունն անգամ քո կյանքի սպառնալիքն է։ Եվ հաջորդ հարցը` ի՞նչն ենք փոխարինելու ինչո՞վ»,-եզրափակեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը