Աշխարհ

25.12.2021 18:40


Թուրքիայի էկոնոմիկայի խնդիրն «էրդողանոմիկան» է. թուրգ լրագրող

Թուրքիայի էկոնոմիկայի խնդիրն «էրդողանոմիկան» է. թուրգ լրագրող

Թուրք ընդդիմադիր լրագրող Ասլը Այդընթաշբաշը Թուրքիայում իրականացվող տնտեսական քաղաքականությունը կոչել է «էրդողանոմիկա» (Erdoganomics)՝ այն որակելով որպես նոր և զարգացող գիտություն։

«The Washington Post»-ում տպագրված հոդվածում լրագրողը նշել է, որ «էրդողանոմիկան» հենվում է տնտեսության անհավասարակշռված կառավարման, երկնիշ գնաճի, լղոզված վիճակագրությունների և անկանոն կարգի վրա։ Նա ընգծել է, որ դրա հիմքում ընկած դոկտրինն այն է, որ շահը կամ տոկոսը բոլոր չարիքների արմատն է և հանգեցնում է գնաճի (չնայած ավանդական տնտեսագիտությունն այլ բան է ասում)։

«Նոր կարգի պայմաններում լիրան արժեզրկվում է, քաղաքացիներն իրենց խնայողությունները դոլարի են վերածում։ Արդյունքում ի հայտ եկած շուկայական անկայունությունը կառավարվում է գործարար աշխարհին ուղղված սպառնալիքներով, արտաքին ուժերի դեմ «ազատագրական պատերազմի» հայտարարմամբ և ներմուծման աննշան աճով»,-նշվել է հոդվածում և շեշտվել, որ «էրդողանական» Թուրքիայում մնացյալ ամեն ինչ անհաջողության դեպքում կարող է վերածվել կրոնի։

Պնդելով, որ այդ մոդելը քաղաքականապես և տնտեսապես անկայուն և անհեռանկարային է՝ Այդընթաշբաշը գրել է, որ Թուրքիան այժմ սեղմվում է «լատինաամերիկյան տիպի հիպերինֆլյացիայի և մերձավորարևելյան տիպի համախոհների հովանավորչության (cronyism) միջև»:

«Խնդրի հիմքում ընկած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը՝ վերցնել համաշխարհայնացված բարդ տնտեսությունը և այն ղեկավարել ինչպես էմիրության՝ պետական ​​ինստիտուտները փոխարինելով անձնական կառավարմամբ»,-նշվել է հոդվածում։ Շեշտվել է, որ այդ խնդիրների պատճառն էլ իր հերթին նախագահական համակարգին անցումն է եղել:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Թուրքիայում տնտեսական բարդ իրավիճակ է ստեղծվել։ Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակ արժեզրկման ռեկորդներ է գրանցում արտարժույթի նկատմամբ, երկրում մեծանում է գնաճը։ Պաշտոնանկ է արվել Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը, կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել կենտրոնական բանկում։ Երկրի նախագահ Թայիփ Էրդողանը «տնտեսական ազատագրման պատերազմ» է որակել ստեղծված իրավիճակը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը