Տնտեսական

25.12.2021 10:54


Կփակվեն բիզնեսներ, կկրճատվեն աշխատատեղեր. Պարսյանը` էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Կփակվեն բիզնեսներ, կկրճատվեն աշխատատեղեր. Պարսյանը` էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Մեծ բիզնեսի ներկայացուցիչները, որոնք հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա են սպառում, թանկացող սակագինը բաշխելու են ապրանքների և ծառայությունների գների վրա, ինչի արդյունքում ապրանքների գները բարձրանալու են` ավելացնելով ազգաբնակչության ծախսերը։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Որպես օրինակ նա նշեց «Վեոլիա Ջուր» ընկերության քայլը, որն այս տարի ՀԾԿՀ–ին ներկայացրեց ջրի սակագինը 20 դրամով ավելացնելու հայտ, ինչի պատճառներից մեկը հենց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն էր, քանի որ 2021 թվականի փետրվարի 1-ից 3 դրամով կամ ութ տոկոսով արդեն իսկ բիզնեսի համար էլեկտրաէներգիան թանկացել էր։

«Մեկ տարի անց կրկին նախատեսվող թանկացումը մեր բիզնեսի համար լուրջ հարված է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ կարճ ժամանակահատված է, որպեսզի բիզնեսը հնարավորություն ունենա ժամանակակից էլեկտաէներգիախնայող տեխնոլոգիաներ ձեռք բերել և ներդնել, որը թույլ կտա կոմպենսացնել սակագնի հերթական բարձրացումը, հետևաբար, բիզնեսը կա՛մ պետք է միջին կշռված սակագինը դնի ապրանքի ինքնարժեքի մեջ, ինչի արդյունքում ապրանքներն անխուսափելիորեն կթանկանան և դրա համար կվճարի սպառողը, կա՛մ պետք է միջին կշռված սակագնի բարձրացումը կոմպենսացնի ի հաշիվ իր շահույթի, ինչը, բնականաբար, բոլոր տնտեսվարողները չեն կարող անել»,-նշեց տնտեսագետը։

Պարսյանի կարծիքով` գնաճի պարագայում ներկրվող ապրանքներն ավելի կընդլայնեն շուկան, որտեղից հայրենական արտադրողները պարզապես դուրս կմղվեն։ Ըստ նրա` 2022 թվականի պետական բյուջեով տվյալ հանգամանքը հաշվի առնված չէ, և եթե նկատի առնենք այն, որ սա շղթայաբար թանկացնելու է ապրանքների գները, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի գնաճը մեղմելու ուղղությամբ, քանզի ազգաբնակչության ծախսերն ավելանալու են 5-10 տոկոսի չափով, իսկ տնտեսվարողների դեպքում դա կարող է ավելի աղետալի լինել, որովհետև կփակվեն բիզնեսներ, կկրճատվեն աշխատատեղերը, կնվազեն պետբյուջե վճարվող հարկերը։
Նշենք, որ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով` էլեկտրաէներգիայի միջին սակագինը 4,7 դրամով բարձրացնելն անհրաժեշտություն է։
Նրա խոսքով` այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր գործող սակագները եթե պահպանվեն նույն մակարդակում, ապա համակարգում կառաջանա շուրջ 23,8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք, որի պատճառով խնդիրներ կլինեն եկող տարի անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հարցում։
Ուլիխանյանի հավաստմամբ` սոցիալապես անապահով սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում։

Որոշման ընդունման դեպքում փոփոխությունը կգործի 2022 թվականի փետրվարի 1-ից։

Այս խորագրի վերջին նյութերը