«Եթե ԱՆ-ն թեստավորման պահանջ է դրել, նա էլ պետք է հոգա ծախսերը». Արամ Վարդևանյան
ՍԴ-ն ուղիղ ասել է` ձևակերպումը, որ աշխատողները հենց իրենց հաշվին պետք է թեստի ծախսերը հոգան, հակասահմանադրական է, և այս կարևոր հանգամանքը պետք է առողջապահության նախարարության համար լինի ոչ թե մեկնաբանությունների, տարատեսակ հայտարարությունների, այլ առնվազն քաղաքական պատասխանատվության առարկա։Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Որովհետև ՍԴ որոշման եզրափակիչ մասում նաև գրված է, որ նախարարը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, որ առհասարակ չէր կարող նման ձևակերպմամբ հրաման ընդունել»,-նշեց փաստաբանը։
Վարդևանյանի խոսքով` երբ ինքը դիմում է ներկայացրել ՍԴ, հստակ արձանագրել է, որ վիճարկման առարկան թեստավորման պահանջը չէ, այլ այն, որ ՀՀ բոլոր աշխատողների վրա անասելի մեծ պարտականություն է դրվում, և սա այն դեպքում, երբ թեստավորման ծախսերն առավել քան մեծ են։
Պատգամավորի խոսքով` կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը չափազանց կարևոր է, բայց դա չպետք է լինի մարդկանց սուղ միջոցների հաշվին։
Այժմ հասարակությանը հուզող հարցն այն է, թե ով պետք է կրի թեստավորման վճարի բեռը։ Ըստ Վարդևանյանի` ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ ով նախատեսում է պայմաններ, նա պետք է ապահովի նաև իրացման մեխանիզմները, այսինքն` եթե ԱՆ-ն դրել է նման պահանջ, ապա նա էլ պետք է պետբյուջեի միջոցների հաշվին հոգա ծախսերը։
«Իսկ ո՞վ է ասում, որ ԱՆ–ն առհասարակ իրավասու է դուրս մղվել այս գործընթացից։ Այդ կանխավարկածն ինչո՞վ է պայմանավորված, որտեղի՞ց է առաջանում նման կարծիք` ԱՆ հայտարարությունի՞ց։ Իսկ ո՞վ ասաց, որ այդ գերատեսչության հայտարարությունը պետք է դիտարկվի որպես հիմք»,-հարցադրումներ արեց ԱԺ պատգամավորը։
Վարդևանյանի խոսքով` խնդրի հանգուցալուծման մոդելը եվրոպական երկրներն իրենց փորձով ներկայացրել են ի լուր աշխարհի, այսինքն` պետությունն ինքն է հոգում ծախսերը։ Պատգամավորը բերեց Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի օրինակները, որտեղ ՊՇՌ թեստի պարտադիր բաղադրիչին զուգահեռ թեստավորման ծախսն իշխանությունները չեն թողնում քաղաքացիների վրա։
«ՀՀ–ն միջազգային ասպարեզում միակ երկիրն է, որտեղ թեստավորման պարտադիր պահանջ դնելու առաջին իսկ փուլում քաղաքացիներին վերաբերվում են որպես ծախսի պարտականություն ունեցող սուբյեկտների, այնինչ պետբյուջեում կան համապատասխան միջոցներ, որպեսզի պետությունն ինքը հոգա այդ ծախսերը»,-եզրափակեց պատգամավորը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:
Անդրադառնալով ՍԴ–ի կայացրած որոշմանը` առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հավաստիացրել է, որ ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական, քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից:
«Եթե ԱՆ-ն թեստավորման պահանջ է դրել, նա էլ պետք է հոգա ծախսերը». Արամ Վարդևանյան