Քաղաքական

24.12.2021 18:15


Իրավապահ մարմիններն ու կառավարությունը 20 օր է, չեն կարողանում պարզել՝ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմը կե՞ղծ է, թե՞ ոչ

Իրավապահ մարմիններն ու կառավարությունը 20 օր է, չեն կարողանում պարզել՝ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմը կե՞ղծ է, թե՞ ոչ

Շուրջ 20 օր առաջ Yerevan.Today-ը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, պարզվում է, նշանակվել է այդ պաշտոնին ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ։

Մենք ուսումնասիրել էինք, թե ի՞նչ կրթություն ունի Ռազմիկ Պետրոսյանը, որը 2021թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ է նշանակվել։ Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականի մեջ գրված է․ «Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի բարձրագույն զինվորական կրթություն»։ Պարզելու համար, թե կոնկրետ որտեղ է ստացել տնտեսագետի որակավորում, դիմել էինք մարզպետարան, ստացել էինք պատասխանը:

2002 թվականի մայիսի 25-ին ավարտել է Հովնանյանի անվան համալսարանը՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ՝ տնտեսագետի որակավորմամբ: Այնուհետև դիմել էինք՝ ԿԳՄՍՆ՝ հասկանալու համար, թե ինչ համալսարան է դա:

Պարզվեց, որ Հովնանյանի անվան համալսարանը իրավունք է ունեցել գործելու 1996-2001 թվականներին, 2001 թվականից հետո չի ունեցել լիցենզիա, հետևաբար՝ չի ունեցել նաև հավատարմագրում, բայց 2002 թվականին դիպլոմ է տվել Ռազմիկ Պետրոսյանին։

Քանի որ ըստ օրենքի՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձը պարտադիր պետք է ունենա բարձրագույն կրթություն, մենք հրավիրել էինք իրավապահների ուշադրությունը: Դիմել էինք կառավարություն: Կառավարությունից մեզ տեղեկացրել էին, որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Նյութի հրապարակման օրը՝ դեկտոմբերի 2-ին դատախազությունը հայտնել էր, որ ուսումնասիրում են:

Հիշեցնենք նաև, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այս հարցի կապակցությամբ ասել էր, որ կառավարության աշխատակիցները ընդունել են համապատասխան փաստաթղթերը, չեն ստուգել դիպլոմի տրամադրման կարգը, իրենք պարտավոր չեն ստուգել բուհի լիցենզիան:

20 օր անց փորձեցինք հասկանալ, թե ինչ են պարզել իրավապահները: Դատախազությունից մեզ հայտնեցին, որ գործն ուսումնասիրում է 6-րդ վարչությունը, պատասխան իմանալուն պես կհրապարակեն:

Նշենք, որ մեզնից պահանջվեց երկու հարցում և մոտավորապես 5 օր պարզելու համար, որ Արագածոտնի մարզպետի դիպլոմը կեղծ է, իսկ ահա կառավարությունն ու իրավապահ մարմինները 20 օրից ավելի է, չեն կարողանում պարզել՝ ինֆորմացիան ճիշտ է, թե չէ:

Այս խորագրի վերջին նյութերը