Մեկնաբանություն

23.12.2021 14:24


Ճակատագրի հեգնանք․ հեղափոխությունը խժռում է իր ծաղրածուին

Ճակատագրի հեգնանք․ հեղափոխությունը խժռում է իր ծաղրածուին

2018–ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող հեղափոխական Հայկ Մարությանը հանրությանը բաժանեց սևերի ու սպիտակների։ Ըստ այդմ՝ նիկոլենք սպիտակ ու լավ ուժն էին, իսկ իրենց հակառակորդները՝ սև ու վատ։

Սևերի ու սպիտակների բաժանման, ժողովրդի պառակտման գաղափարախոսն, անկասկած, Նիկոլ Փաշինյանն էր։ Երևանի քաղաքապետ դառնալ պատրաստվող Հայկ Մարությանը հաճույքով բարձրաձայնում էր Նիկոլի սրտի ուզածը և այդպիսով դառնում կեղտոտ գործիք։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ հիմա Հայկ Մարությանն է նիկոլականների համար դարձել սև։ Դա ամբողջությամբ տեղավորվում է ժանրի կանոնների շրջանակներում։ Տվյալ դեպքում հեղափոխությունը խժռում է իր ծաղրածուին։ Բումերանգի էֆեկտը գործեց, ու հիմա Հայկը դարձավ սև։

Կասկածից վեր է, որ շուտով Նիկոլն էլ իր ասածների տակ է մնալու։ Կրկին ժանրի կանոնների համաձայն ու կրկին բումերանգի էֆեկտով նրան ասֆալտին են փռելու և պատերին են ծեփելու։ Դա անելու են իր իսկ զոմբիները (կարևորը մինչև այդ երկիրը չկորցնենք), որոնց վրա, ի դեպ, հսկայական ազդեցություն է գործել Հայկ Մարությանի վերջին ելույթը։

Հայկը նոր բան չի ասել։ Դրա տասնապատիկը Նիկոլի ու իր թայֆի մասով ասել են ընդդիմադիրները, բայց երբ դա հաստատում է հեղափոխության ծաղրածուն, «Պողոսը» սկսում է ազդվել։ Ըստ ամենայնի՝ Նիկոլը դա ֆիքսել է ու շտապել է ֆեյսբուքյան ասուլիս հրավիրել, որպեսզի թեմա շեղի կամ փորձի լայքերի մրցավազքում հետ չմնալ, քանզի «Պողոսի» ականջին Հայկը հասցրեց, որ նիկոլենք թալանչի են, կոռուպցիոներ, չտես, գյոռմամիշ։

Ճիշտ է, Հայկը անձամբ Նիկոլի դեմ կոպիտ ձևով չգնաց, բայց Նիկոլին անսահմանորեն քծնող ու Նիկոլի «հետույքում» բնակվող Ալեն Սիմոնյանին հանեց «տռաս»՝ հիշեցնելով պետբյուջեի հաշվին գնված 200–հազարանոց BMW–ն։

Ինչ վերաբերում է հարցի իրավաքաղաքական կողմին, ապա պետք է արձանագրել, որ Նիկոլը ոչ լեգիտիմ և ուսապարկային սարքեց Երևանի քաղաքապետարանը։ Նա նշանակում է հանրությանը անհայտ մեկին, որպեսզի անձամբ ինքը կառավարի Երևանն ու ինքը տնօրինի Երևանի բյուջեն։

Շատ է խոսվում այն մասին, թե ի՞նչ սև (կամ սպիտակ) կատու անցավ Նիկոլի ու Հայկի արանքով, ինչո՞ւ գժտվեցին երբեմնի թիմակիցները։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, փողով է պայմանավորված։

Հայկը դրածո էր, բայց հանրությանն անհայտ մեկը չէր։ Նա ուզում էր ինքնուրույնաբար տնօրինել քաղաքի բյուջեն և ինչպես ինքն ասաց՝ հաճախ է մերժել նիկոլականների այս կամ այն միջնորդություններն ու խնդրանքները։ Այ հենց դա՛ չի ներվել նրան։ Նիկոլը ագահ է, չափից դուրս ագահ։ Նա ժեխին ցույց է տալիս, թե իբր իրենց պես էժանագին բուլաթ ատամով աղքատ տղա է, բայց փողի հանդեպ ունի պաթոլոգիկ հակումներ ու հասցրել է ահագին խժռել (նաև դրա համար է կառչած աթոռից, քանզի իշխանափոխությունից հետո ջրի երես են հանվելու Նիկոլի ու իր նեղ շրջապատի թալանի մասշտաբները, պետությանը հասցված ահռելի վնասները)։

Նիկոլի համար պետական ու տեղեկան բյուջեներն իր անձնական բյուջեն են։ Երբ նա հայտարարում էր, թե բա Հայաստանն իմ օջախն է, իրականում դա նշանակում էր, որ պետական փողերն էլ իր անձնական փողերն են։ Հայկը որոշակի ինքնուրույնություն է ցույց տվել այս հարցում ու Նիկոլի համար դարձել սև։ Այլ բան փնտրել պետք չէ։ Գաղափարական հակասությունների ու միմյանց վիրավորելու պահն արդեն լիրիկա է։ Նիկոլը փողի մեռած է։ Հայկն էլ։ Իրար մեջ չեն կիսել եղածը, և արդյունքում Նիկոլը որոշել է ուսապարկ նշանակել Երևանում։

Եթե Հայկի մոտ սկզբունքային ու գաղափարական հակասություն կա և նա ուզում է մեղա գալ, ապա պետք է առաջին հերթին ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ նրան սևերի ու սպիտակների բաժանելու համար, բացահայտի այդ գաղափարի հեղինակին և ավելի դետալային ներկայացնի նիկոլենց թալանը։ Այդ դեպքում նա շանս կստանա գոնե մի քիչ մաքրվելու։ Այլապես հավերժ մնալու է որպես Արցախի պետականությունը վարի տված, Շուշին թուրքին հանձնած, հազարավոր երեխեքի գլուխը կերած թիմի վառ ներկայացուցիչ ու հավերժ նզովյալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը