Աշխարհ

22.12.2021 20:45


Թուրքիայի նախկին փոխվարչապետը՝ Էրդողանին. «Ձեր բռնած ճամփան ճամփա չէ»

Թուրքիայի նախկին փոխվարչապետը՝ Էրդողանին. «Ձեր բռնած ճամփան ճամփա չէ»

Թուրքիայի նախկին արտգործնախարար ու փոխվարչապետ Ալի Բաբաջանն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Էրդողանի նոր տնտեսական քաղաքականությանն ու տարադրամի տատանումները զսպելու քայլերին:

Ըստ Բաբաջանի՝ Էրդողանն ու իր գործընկերները հասկանում են, որ իրենց ճանապարհի վերջում են ու գործում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով:

«Պարոն Էրդողանին եմ դիմում՝ նրան զգուշացնելը պարտականությոն համարելով: Ձեր բռնած այս ճամփան ճամփա չէ»,-ասել է Բաբաջանը:

Վերջինս անդրադառնալով թուրքական արժույթով ավանդներ ունեցողներին տարադրամի փոխարժեքի տարբերությունը վճարելու մասին Էրդողանի խոստումներին՝ հարց է հղել, թե բյուջեից վճարվելիք այդ գումարներով քանի գործազուրկի կարելի էր գործի տեր դարձնել:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ այս քայլով լիրայով ավանդները կապվել են դոլարի հետ, այնինչ իշխանությունները հաճախակի ասում են, որ պետք չի դոլարի կողմը նայել (ուշադրություն դարձնել դոլարի փոխարժեքին):

Բաբաջանը նաև քննադատել է Թուրքիայի նախագահին՝ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականության համար կրոնական դոգմաները որպես հիմնավորւմ ներկայացնելու համար:

«Մենք մեր կրոնի սրբություններն առoրյա քաղաքականության նյութ չենք դարձնելու: Էրդողանը մեր կրոնի սրբություններն ամեն օր քաղաքականության նյութ է դարձնում: Երկիրը խորտակվում է, սրանք մեր ժողովրդի մաքրամաքուր կրոնն ու ազգային զգացմունքները շահարկման առարկա են դարձնում»,-ասել Բաբաջանը:

Այս խորագրի վերջին նյութերը